Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր գտնված սենյակեն մեկնեցանք դեպի գրադարանն, որ հինգերորդ դստիկոնին վրա մեծ սենյակի մը մեջ կը գտնվեր։ Որքան նոր բաներ տեսա այս ճամբորդության մեջ..․ ասդին կը տեսնես գուլպա մը ձգված, անդին երկու շապիկ, քիչ մանդին վարտիքներ, քանի մը քայլ ասդին կաթսա մը դրված լվացվելու համար, հոս գլխարկ մը, հոն կլիկներ, ասդին հովանոց մը, անդին լավանտափ պարապ շիշեր, քիչ մը հեռու հացի փշրանքներ, սանդուխին աստիճաններուն վրա հում ոսկորներ, որոնց միսն կատուներն կերած են, ասդին մուկ մը սատկած, անոր քով բուտրայի տուփ մը ձգված։ Եվ ահա այս բաները տեսնելով հասանք գրատունն, ուր մեկ ժամու չափ մնալեն ետքը ինքզինքս դուրս նետեցի այս տունեն, ուր մազ մնաց պիտի ճաթեի։

Դուն, տիկին, պիտի ըսես հիմա, թե կը չափազանցեմ իրերն, բայց սպասե վախճանին, որ համոզվիս։

Այս ճամբորդութենե գրեթե երկու շաբաթ վերջն այս աղջիկն նշանվեցավ և երկու ամիսեն ետքը կարգվեցավ։ Կար և կարողություն մաղթեցի այս կնոջ առն և մտադիր եղա իրաց, տեսնելու համար, թե խեղճ էրիկն ինչպես պիտի տանի այս բեռն։ Հարսնիքեն երեք շաբաթ հետո լսեցի, թե այրն ճամբեր է կնիկն, որ յուր մորը քով կը գտնվի այժմ։ Հայրն կուլա, կողբա, կը կոծի և ամոթեն չկրնար տունեն դուրս ելնել։ Տուր աղջիկն ամենուն բերանն է, կանայք՝ որոնց օրակարգն է այս խնդիրն, իրենց ուզածին պես կը մեկնեն այս բաժանումն, ինչպես կըսեն, մեկը վար կը քաշե, մյուսը վեր, մեկն ասդին, մյուսն անդին։ Մայրն հայելիեն ավելցած ժամերն կը զոհե թաղը պարտելու և թաղեցիներն համոզելու, թե փեսան դրամ ոժիտ ուզեր է և չտրվելուն համար վռնտեր է կինն, թե փեսան գեշ մարդ է եղեր, կոպիտ է եղեր, ավանակ է եղեր, անանկ թերություններ ունի եղեր, որք չեն զրուցվիր եղեր և այլն և այլն: Իսկ աղջիկն այժմ ոչ թե միայն չզարդարվիր, այլ հազիվ թե կը հագվի. գիշերազգեստովն կը նստի մինչև իրիկուն, սենյակի մը մեջ առանձնացած, չկրնար աչքերն վեր վերցնել, ամոթեն չուզեր և ոչ մեկուն երեսը նայիլ, ականջներն կը խփե, զի մի յուր վրայոք խոսք մը լսե։ Կը հասկնա, ավազ, դառն փորձե մը հետո, թե ինքզինքն գեղեցկացնելու համար միայն ժրաջան աղջիկներն ամենեն ավելի ծույլերն են. կզգա, թե այրերն իրենց կնիկեն միայն զարդարանք և գեղեցկություն չեն պահանջեր,