Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը համոզվի վերջապես, թե արվևստակյալ գեղեցկությունը որքան զզվելի կընե կինն։

Պատասխան տուր ինձ այժմ, տիկին, ինչ բանի ծառայեց այս աղջկան այսքան զարդարանքն, եթե ոչ յուր դժբախտության, որ պիտի շարունակվի յուր կենաց մինչև վերջին օրերը, դառն ցավ պատճառելով նաև իր հորն, որ դեռ երեկ մեծ հույսեր ուներ յուր դստեր վրա։ Քու պատասխանդ գիտեմ, տիկին, աղախինիդ պիտի հրամայես, որ այս նամակն պատոռ, նետե, ու հայելիդ ու լավանտադ բերե քեզի։ Բայց մի՛ աճապարեր, խոսքս չլմնցուցի տակավին։ Եթե ասոնք միայն ըլլային պճնասիրության վնասներն՝ բերանս անգամ չէի բանար, ուրիշ հարվածներ ալ ունի ան, և անոնց վրա ալ պիտի խոսիմ։

Լալու տրամադրություն չունենալով հանդերձ, չեմ կրնար արտասուքս զսպել այն ողբալի տեսարանին առջև, ուր պճնասիրության զոհվեցան ընտանյաց հայր մը, զոր ի մոտո ճանչնալու պատիվն ունիմ, և մայր մորուն անունն միայն լսած եմ։ Այս մարդը բարի էր չեմ կարծեր, որ բարի ըլլա այսօր, ըստ որում կորուսած է յուր բոլոր ինչքն, որ մեծ բան մը չէր և կը ջանար գոհացնել յուր կնոջ, զոր չափազանց կը սիրեր, ամեն պահանջումներն, որքան ալ անհեթեթ և այլանդակ ըլլային անոնք։

Այս կինն շատ կը սիրեր և կը սիրե դեռ զարդարանց մեջ լողալ։ Նորաձևության լրագիր մը Լոնդրայեն կընդուներ, երկու հատ Բարիզեն բերել կուտար, հատ մԻտալիայեն, օրինակ մը Դերմանիայեն, երկու թերթ Ավստրիայեն։ Ամեն շաբաթ թարգմանել կուտար այս պատկերազարդ թերթերն և անոնց մեջ տեսնված նոր ձևերու համեմատ հագուստ շինել կուտար։ Յուր բոլոր ժամերն կը վատներ անձին չափն տալու դերձակուհյաց, յուր բոլոր խոսակցությունն լաթային էր, հագուստներու մեջ սահմանափակված էր։

Երբ եկեղեցի երթար Աստուծո արքայությունն չէր խնդրեր, այլ նորաձև շրջազգեստ կը խնդրեր. հագուստի համար մոմ կը վառեր, աղոթագրքին մեջ ալ հագուստի համար աղոթք մավելցուցած էր գրաբար լեզվով և միշտ զայն կը կրկներ: Յուր տանն դռներն կը բացվեին և կը գոցվեին միայն դերձակուհյաց համար, որք օրը հազար անգամ կուգային չափ և փորձ առնեւու։ Ամենեն հարուստ դրամատերներու և վաճառականներու տիկիններուն հետ կը մրցեր, անոնց հետ համազարդ ըլլալ կ՛ուզեր։ Խեղճ էրիկն ամեն շաբաթ ոսկիներ կը համրեր դերձակներուն։ Եթե երբեմն պզտիկ