Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զգուշացնեն ցուրտեն և շնչառություն արգիլող զարդերեն պահպանեն։ Հիվանդն մեծ դժվարությամբ կը հավանի քորսեն հանել և ան ալ սա պայմանավ, որ թավշյա լայն շրջազգեստ մը կարվի և սամույրե մուշտակ մը շինվի իրեն համար։ Հայրը չմերժեր աղջկան խնդիրքը և գաղտնի հանգանակություն մընելով կը հաջողի կատարել աղջկան կամքն։

Ախտն, որ համառ է, կը շարունակե յուր ճամբան, ցավերն երթալով կաճին և կը սաստկանան։ Հիվանդն կը պնդե, թե քորսեն հանելեն և մուշտակ հագնելեն ի վեր հիվանդությունն սաստկացած է և կըսե, թե բռնի պիտի մեռցնեն զինքն, եթե թույլ չտրվի իրեն դարձյալ քորսե դնել և մուշտակ չհագնիլ։ Վերջապես այս խեղճ աղջիկն ցավերու տակ երկար օրեր տանջվելեն և չարչարվելեն ետքը կը վախճանի։ Մեռնելեն չորս օր առաջ կը պատվիրե ծնողացն, որ քորսեով թաղեն զինքն, որ չմոռնան գունավոր գուլպաներն հագցնել ոտքերուն, որ մազերն հյուսելով գլխուն վրա ամփոփեն, որ երեսներուն վրա քիչ մը բուտրա ցանեն, որ դագաղն չգոցեն հուղարկավորության ժամանակ, որ լավանտա քսեն դագաղին չորս կողմը, որ դագաղակիրներուն մեկն հովանոց մը բռնե գլխուն վերևը, որ շրթանցը վրա քիչ մը կարմիր քսեն, որ թաղին մեծ փողոցներուն մեջ պտըտցնեն դագաղն, որ ծաղկանց փունջեր նետվին պատուհաններեն դագաղին վրա, որ գեղեցիկ տապանաքար մը դրվի գերեզմանին վրա, որ վարդի տունկեր տնկվին գերեզմանին շուրջն, որ.․․ բայց ո՞ր մեկն ըսեմ, տիկին, եթե հանգուցելույն մեն մի պատվերն արձանագրել ուզեմ՝ նամակս տարվան մը մեջ չեմ կրնար ավարտել։

Ահա, տիկին, այս ցավալի դեպքերուն ազդեցության ներքև խոսեցա նույն գիշերն պճնասիրության դեմ, կարծելով, թե կը հաջողիմ, պարզասիրություն քարոզելով, ազատել կործանումեն շատ մընտանիքներ և մահվան ճիրաններեն բազում աղջիկներ և կիներ։

Պճնասիրությունն ընկերություններ կազմելով չբարձվիր, որովհետև ընկերություններ կազմելով հաստատված չէ։ Մեկ կողմեն պճնասիրության բազմադիմի վնասներն աղջկանց միտքն մտցնելու է վարժարանաց մեջ, և մյուս կողմեն քեզի պես հարուստ տիկիններ և կուսակրոնք ոմանք պարզասիրության օրինակ հանդիսանալու են, որպեսզի կարենանք փրկել մեր ազգն այս սարսափելի և համաճարակ ախտեն։

Կը հուսամ, թե կարդալով սույն գրությունս կը բարեհաճիք. ինչ ինչ փոփոխություններ ընել ձեր դեմքին վրա, կարևոր բարենորոգումներ ներմուծեք ձեր բերանն. իրավունք տալ իմ արդար դի—