Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես երկար կ՛ուզեմ։

— Ամառվան հագուստները այսպես կըլլան ընդհանրապես։

— Ես ձմռվան համար կուզեի։

— Առաջուց չըսիք հապա։

— Հագուստ շինողը ասիկա ինքնիրեն գիտնալու չէ՞ մի յա:

— Մարգարե չեմ։

— Մարգարեության հարկ չկա. թե որ երեսս նայիս կը հասկնաս։

— Ինչ ունիս որ։

— Չե՞ս տեսներ, աչերս կաս կարմիր, քիթս կը վաղե։

— Ոչ, ատանկ բան մը չեմ տեսներ։

— Չե՞ս տեսներ... պարոն պատվույս կը դպչիս։

— Հարբուխ ունենալը պատիվ ունենալ ըսել է. ասկեց զատ հագուստները ի՞նչ հարաբերություն ունին հարբուխին հետ։

— Այս տեսակ հագուստները այն տեսակ հարաբերություն ունին աս տեսակ հարբուխին հետ, որ այս հարբուխը ունեցողները այն հագուստները չեն կրնար հագնիլ, այս հագուստներն ալ այն հարբուխին չեն փայլեր։ Քանի որ այս առնչությունները կան, ըստ որում այս հագուստներն և հարբուխն չեն կրնար իրարու հետ միանալ, քանզի չեն կրնար միանալ, քանզի հայտնի է, որ չեն կրնար՛ միանալ, ասոնցմե կը հետևի, որ չեն կրնար միանալ, վասնզի հագուստը հարբուխին հետ, հարբուխն ալ հագուստին հետ...

— է՜յ, պարոն, հագուստներն ալ հարբուխ ըրիր ձգեցիր վարը բանդ գնա Աստվածդ սիրես նե, հարբուխդ ալ գետնին տակը անցնի... դու...

— Ըսելիքս սա է, որ հարբուխը...

— Մարդ Աստուծո, բանդ գնա՛. հասկցա, հարբուխ ունիս, ըռըտնալու ըլլաս նե՝ եկուր հագուստներդ ա՛ռ։

— Հագուստներու վրա չէ խնդիրք, որովհետև հարբուխ մը...

— Պե այոլ, բժիշկ չեմ ես։

— Բժշկի վրա չէ խնդիրք... սա կ՝ուզեմ հասկցնել, որ հարբուխը...

— Շատ կը ցավիմ պարոն, որ հարբուխ ունիք և թե հարբուխը հարբուխ մէ, ըստ որում հարբուխ մէ, անկե կը հետևի, որ հարբուխ է... ըսելիքդ մնա՞ց դեռ։

— Շնորհակալ եմ, որ ցավ կը հայտնեք։

— Այո, շատ կը ցավիմ. ե՛րբ կը բժշկվիք:

— Իմաց կուտամ։