Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նացեք օգուտ քաղելու այն դասերեն, զորս կատարյալ անձնանվիրությամբ ձեզ խոսելու պատիվն ունիմ։

Այսօր պիտի խոսիմ ձեզ բարձր դասու հարսներուն և կեսուրներուն իրերաց հետ ունեցած հարաբերությանց վրա։ Կը խնդրեմ, որ դասախոսությանս ընթացքին մեջ չխնդաք, որպեսզի արյունս գլուխս չցատկե ու չբարկանամ և, հեաևաբար, խոսքիս թելը չկորսընցնեմ։

Բարձր դասու ընտանյաց մեջ, հարսին և կեսուրին մեջ տեղ ծագած վեհերուն աղբյուրն չէ այնքան նախանձն, զոր հիշեցի վերջին դասախոսությանս մեջ, որքան տան մեջ իշխելու է տիրելու ոգին։

Հարսը տկարություն ունի կարծելու թե հաղթությամբ մտած է այն տունը և թե իրեն հրամանները միայն կատարելու են տան մեջ գտնվող սպասավորները, սպասուհիները, խոհարարները, մատակարարները, ստնտուները, ձիաբույծներն և վարժապետները։

Հարսին մտաց մեջ այս կարծյաց գոյացման շատ կը նպաստեն պարագաները։ Սպասուհիները հարսին անկողինը ավելի խնամով կը պատրաստեն քան կեսուրոջը. սեղանի վրա մսի ընտրելագույն կտորներն հարսին կը տրվին. հաճախ կեսուրին հրամաններն կը հապաղին կատարվելու, մինչդեռ հարսին պատվերներն ի գործ կը գրվին անմիջապես։ Նույնիսկ այն մարդիկ, որ էֆենտիեն բարիք մը փրցնելու նպատակավ անոր տունը կը դիմեն, անոր տիկնոջը ծունկերուն կը փաթտվին, իրենց արտասվոք անոր ոտները կը թրջեն, որպեսզի էֆենտին պաշտոն մը գտնե իրենց։ Ուղիղ կամ սխալ, ընդհանուր կարծիքն սա է, թե մարդ մավելի կնոջը կը լսե, քան մորը։

Արդ, հարսին այդ խրոխտ վարմունքը casus belli է, կեսուրոջը համար, որ չկրնար հաշտ աչոք նայիլ յուր հարսին վրա. ուստի կը վիրավորվի ամեն անգամ, որ հարսին իրմե ավելի հարգանք մատուցվիլը կը տեսնե, և, յուր վերքը դարմանելու համար, կնկան դեղերու կը դիմե։

Օրինակի աղագավ, երբ աղախինն հարսին հրամանները գործադրելու համար քիչ մավելի եռանդ ցույց տա կը չախե աղախինն ըսելով.

— Խըպըլիկություն պետք չէ, գործդ տե՛ս։

Եվ հետո հարսին դառնալով.

— Ասանկ ղեվզեկություններեն չեմ ախորժիր... ինտո՞ր ալ դեմդ առեր, խոսեցնել կուտաս կոր... հոշդ կուգա կոր զահեր..․