Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված գիտե միայն... տունին բոլոր հողը իմ վրաս է։ Դարձյալ կաղաչեմ, մեկու բան մի՛ ըսեք... ես ալ որո՞ւ բացվիմ, ձենե զատ ո՞վ ունիմ... քիչ մը խոսիմ նե՝ սիրտս կը բացվի... կըսեն քի սիրտ դնելը աղեկ չէ, ես ալ անոր համար կը խոսիմ պաղի պաղի... ի՞նչ ընե զավալլըն, ձեռքը չէ որ...

Որպես կը տեսնեք, բարձր դասու հարս ու կեսուրի վեճերը տունեն դուրս տեղի կունենան և այս եղանակավ տան խաղաղությունը կը պահպանվի։

Ներդաշնակությունը կատարյալ է տան մեջ, և հարսն ու կեսուրն իրարու հետ կը մրցին, երբ հյուր մընդունին, ցույց տալու համար, թե իրարու հետ շատ սիրով են, այնչափ սիրովն որ ուրիշ հարսերուն և կեսուրներուն նախանձը կարող են շարժել։

— Շիտակը, կըսե կեսուրը հյուրին, իմ հարսես շատ գոհ եմ, Աստված թշնամիիս ասանկ հարս տա։ Կը դարմանամ, երբ որ կը լսեմ, թե այս ինչ կնիկը հարսը չսիրեր, ինտո՞ր կըլլա, կըսեմ, որ հարսը չսիրվի, հարսը զավակ կը սեպվի նե, զավակը չսիրվիր... ի՞նչ դահիճ կնիկ ըլալու է մեկն, որ հարսը չսիրե։

Որուն կը պատասխանե հարսը.

— Աշխարհիս վրա անկիրթ կնիկ շատ... ես կեսուրիս վրա կը խենդենամ, մորս պես կը սիրեմ, ժամ մը չտեսնամ նե, կեսուրս ո՞ւր է տեյի իրար կանցնիմ։ Կեսուրը չսիրվիր․․․ Ի՞նչ գիտնամ։

Հյուրը կը մեկնի։

Կեսուրը հարսին ծուռ ծուռ նայելով սենյակը կը քաշվի, հարսն ալ կեսուրին համար քթին տակեն բան մը մռմռալով սենյակը կը վազե։ Իրարու հետ չեն խոսիր, մինչև որ հյուր մը չընդունին։

Ի հնումն սովորություն մը կա եղեր, որ հարսն մեկ երկու տարի կեսուրոջը հետ չխոսիր եղեր։ Կերևի թե՝ նախնիք, որոր չենք հավնիր երբեմն, մեզմե շատ ավելի խելացի են եղեր։ Եթե մենք ալ սկսինք այդ նախնյաց սովորությանը հետևիլ սխալ քայլ առած չենք ըլլար և վերջացած կը տեսնենք շատ վեհեր, զորս հարսերն և կեսուրներն հարուցած են, կը հարուցանեն և պիտի հարուցանեն։

Եթե լեզվով չխոսիլ անկարելի է՝ գեթ կրնան համրերու պես նշանացի խոսիլ։ Համր խոսքն արտասանված խոսքին չափ չկրնար ուժով ըլլալ, և հետևաբար, վեճն, որովհետև կարելի չէ ջնջել զայն