Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաշխատի ու կաշխատի։ Ի՞նչ պիտի ընես, ծնունդնին ասանկ է։ Ես ալ կը նայիմ, որ աղեկ հատկություններ են ասոնք, բերանս չեմ բանար։

— Իրավունք ունիս։

— Էյ, տիկի՜ն, շուտ ըրե՛, պոռաց նորեն Թորոս աղան, քիչ մալ վերջը փոխվե, հագուստներդ չեն աղտոտիր, եկո՛ւր։

— Շրջազգեստս կր փոխեմ կոր, լմնցա...

— Սոֆի՛, Սոֆի...

— Վրաս ֆրչալամիշ կընեմ կոր..․ կուգամ կոր...

— Աղավնի՜ի՜, հոգնեցար աղջիկս, հոգնեցար, մեղք ես, եկո՛ւր...

— Լմնցա, հայրիկ, լմնցա, հիմա կուգամ։

— Չիյտեն որ հյուր կա, անոր համար քիչ մալ անհոգ կը վարվին կոր... հրամմեցե՛ք, Հաբեթ աղա, հրամմեցե՛ք, մենք սկսինք ուտել, անոնք ալ կուգան։

— Շատ աղեկ։

Թորոս աղան, մայրը և հյուրը սկսան ուտել։ Թորոս աղան երբեմն երբեմն բարձր ձայնով կը կանչեր կինն ու աղջիկներն, որք միևնույն պատասխանները կուտային։ Կշտացան, սեղանեն ելան, լվացվեցան, սրբվեցան, ընդունելության սենյակը մտան։

Մեկ ժամեն սպասուհին խահվե բերավ։

Թորոս աղան սկսավ պոռալ.

— Եկուր խահվեդ խմե՛։

— Կերակուր կուտեմ կոր, հիմա կուգամ։

— Լուսիկ խահվեդ պաղեցավ։

— Տեր ողորմյա, հիմա նստա սեղան։

— Աղավնի՛, խահվեդ չպիտի՞ խմես։

— Պատառ մը հաց չուտե՞մ, մեղա։

Հաբեթ աղան Թորոս աղային նեղվիլր զգալով, քիչ մ՝ալ կը նստի ու կր մեկնի։

Թորոս աղան, որ բարկությանը ժամանակ չուզեր կնոջը դիտողություն ընել կերթա պառկելու միշտ պոռալով.

— Պառկելու ժամանակ Է, ելե՛ք, պառկեցե՛ք։

— Խահվենիս չխմե՛նք։

Թորոս աղան կը պառկի։ Առավոտուն յուր սովորական ժամուն կարթննա, քթին տակեն մռմռալով, տակավին կը քնանան կոր․․․