Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՍՈՒՐԸ

Ատանկ պարապ բաներու համար ինչո՞ւ իրարու սիրտ կը կոտրեր, աղջիկներս, դուք սիրով ապրելու եք իրարու հետ, որ ուրիշներուն ալ բարի օրինակ ըլլաք, մեր տունին մեջ չվայլեր ասանկ կռիվներ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Բայց կուզե, որ ամեն բանի մեջ իզմե առաջ անցնի։


ԿԵՍՈՒՐԸ

Ո՞ր բանի մեջ քեզմե առաջ անցնիլ ուզեր է, ի՞նչ ըրած ունի աղջիկը․․․ Աստված կա վրանիս։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Դուն ալ միշտ անոր թեր կելլաս։


ԿԵՍՈՒՐԸ

Ինչո՞ւ անոր թեր ելլամ, զավակս, երկուքնիդ ալ աղջիկներս եք իմին։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Ան է քու աղջիկդ, ես չեմ։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ

Ես եմ, ի՞նչ կրնաս ընել նայիմ։ Սըվոր նայե մեյ մը, ինքզինքը ի՞նչ կը կարծե կոր չիյտեմ։


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Ի՞նչ պիտի կարծեմ, ալ հերիք են ըրածներդ, երեկ առտու դիտմամբ այնքան լվացվեր էիր, որ մուսլուխին ջուրը հատուցած էիր․ առջի օրն ալ առջի գիշերվնե մնացած ձմերուկները սենյակդ տարեր էիր, պզտիկս կտոր մը անուշ ուզե նե չես տար և քուկիններուդ բերանը կը թխմես, ամեն իրիկուն զիս բարկացնելու համար սեղանի վրա իմին ջուրի գավաթովս ջուր կը խմես, ո՞ր մեկն ըսեմ․․․ մուխաճիր խումաշիեն շրջազգեստ մը շինեցի, շաբաթներով էրկանդ գլուխը տարիր, որ քեզի ալ շինե. տունին բոլոր գործերը իմ վրաս կը թողուս և սենյակդ կը քաշվիս ու մինչև իրիկուն կը քնանաս, կարծես թե ասոնք չե՞մ տեսներ ես, բայց ես մարդու զավակ եմ, երես չեմ գար։ Օր մալ էրիկս ջուրերը տանիլն