Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միևնույն կերպասե և միևնույն ձևով հագուստներ հագնին իբրև արտաքին նշան իրենց ներքին սիրույն և մտերմության։ Շաբաթներ կանցնին և հարսն ու տալը կը հարատևեն այս սիրալիր հարաբերության մեջ։ Ի՜նչ ճաշակ ոսկեղեն դարու սիրո․.. բայց ոսկեղեն դարերը երկարաձիգ չեն դժբախտաբար, արծաթե, պղնձե ու երկաթի դարերն են, որ շատ կը տևեն։ Մտածեցե՛ք անգամ մը, այս ավուր մարդն յուր կենաց մեջ քանի՞ րոպե կապրի ոսկեղեն դարու մեջ... անիրավություն չէ՞ ուրեմն պահանջել հարսեն ու տալեն, որ միշտ ոսկեղեն գարու մեջ ապրին, մանավանդ երբ կը փայլի ոսկին... յուր բացակայությամբը։

Այո՛, շաբաթներ կանցնին և հարսն ու տալն սիրով կապրին, երբ օր մը, տալն տան համար ներքին կանոնագիր մը կառաջարկե հարսին.

— Սիրուն հարսս, կըսե, որպեսզի տան գործերը շուտ լմննան, սրահն օր մը դուն ավլե, օր մալ ես։

Հարսին արյունը գլուխը կը ցատկե. պատասխան չտար, հրացայտ աչերով կը հեռանա։

Տալը հարսին այս վարմունքին մեջ իրեն դեմ անարգանք մը կը նկատե։

Հարաբերությունները կը խզվին։

Պարտուց և իրավանց խնդիր մԷ, որ կը հուզվի այդ առաջարկության մեջ։

Հարս մը, ընդհանրապես, պարտականություն չզգար ավլել այն տեղերն, ուր կը կոխեն ոտքեր, որ յուր ամուսնույն չեն։ Հարս մը, միշտ ընդհանրապես, կը ճանչնա, թե յուր պարտքն Է ավլել սրահին այն կետերը միայն, որոց վրա կոխած Է ամուսինն սրահեն անցած ժամանակը. մնացյալ մասերն ավլելու հողն տալոջը կամ կեսուրին կը պատկանի։ Ամեն հարս, քիչ բացառությամբ, ասանկ օրենագիրք մը շինած է իրեն համար։

— Սուտ Է, սուտ Է, պիտի պոռան կիները, հարսերը կը զրպարտե Խիկար, միթե չկա՞ն հարսեր, որ ամբողջ տունը կավլեն, լաթ կը լվան, կերակուր կեփեն, կար կը կարեն և այլն և այլն։

Տիկնայք, խոսքս չլմնցուցի տակավին։

Հարս մը կը խորհի, թե յուր անձն նվիրած է ամուսնույն, որուն համար միայն պարտավոր Է աշխատիլ, որուն միայն պարտի ծառայել, որուն հանգստությանն ու բարօրությանը համար միայն գործածել յուր բազուկներուն ույժը. կենթադրե ինքզինքը վաճառա-