Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ համար մեր կիները միշտ դեպի Եվրոպա կը վազեն.

— Որովհետև Ասիո մեջ քյուրտերը միշտ հարստահարություն կընեն:

Ինչո՞ւ համար տեր պապաները հիմա պսակդրամը կանխիկ կառնեն.

— Որովհետև ետքի մնա նե՝ կարգվող մարդը տվածդ քեզի ըլլա ըսելով՝ ստակի տեղ առած աղջիկը ետ պիտի տա:


Ինչո՞ւ համար հին ատենը հայ այրերը իրենք սենյակին վերի ծայըը կը նստեին ու կիները իրենցմե վար կը նստեցնեին.

— Որովհետև այն ատենը տունին տերն էին։

Ինչո՞ւ համար Եվրոպայի մեջ շատ այրեր կիներնին կը նստեցնեն ու իրենք ոտքի վրա կը կենան.

— Որովհետև քովերնին շատ չկայնելով փախչելու միտք ունին։

Ինչո՞ւ համար տերությունը Պոլսո մեջ գիշերները կազ վառելու որոշում կընե.

— Որովհետև հայերը գիշեր ցերեկ լույս կը պոռան։

Ինչո՞ւ համար հայ երիտասարդներուն մեկ մասը մեկ աչքերնին ակնոց կը դնեն.

— Որովհետև մեկ աչքերնին կը տեսնե մեկը չտեսներ։

Ինչո՞ւ համար աղջիկներուն մեկ մասը իրենց մազերը կը կտրեն.

— Որովհետև մազը երկան խելքը կարճ ըսվիլ չեն ուղեր։

Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կուզեն.

— Որովհետև իրենք ճամբան չեն գիտեր, ճամբա մալ չեն գիտեր։

Ինչո՞ւ համար մեր երեսփոխանները եվրոպական ազգաց երեսփոխաններուն պես աջակողմյանի ու ձախակողմյանի բաժնված չեն։

— Որովհետև մերիններուն ամեն մեկը մեկ մեկ կողմ բաժնված են։

Ինչո՞ւ համար կիներն ալ Ազգային ժողովո ունկնդիր չեն ըլլար.

— Որովհետև կիները խոսիլ գիտեն, բայց մտիկ ընել չեն գիտեր։