Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային տնտեսական խորհրդո սնտուկ, ան ալ 60 փարայի։

Աղջիկը գովաբանող մայր, ան ալ 60 փարայի։

Սուառեի գացող սգավոր տուտու, ան ալ 60 փարայի։

Կնկան ամեն կամքը կատարող էրիկ, ան ալ 60 փարայի։

Կանանց ծեքծեքում ունեցող եկեղեցական, ան ալ 60 փարայի։

Մասնավոր անձի իր մասնավոր շահուն համար բացած դպրոց, ան ալ 60 փարայի։

Ընդհանրապես ամեն հայ պաշտոնյաները խածնել փորձող, ան ալ 60 փարայի։

Երեսփոխանական ընտրություն, ան ալ 60 փարայի։

Ազգային վարչության իշխանություն, ան ալ 60 փարայի։

Լրագրաց քննադատող, ան ալ 60 փարայի։

Վերջը չմտածելով կարգվող, ան ալ 60 փարայի։

Թրամվայի անիվներուն տակ գացող մարդ, ան ալ 60 փարայի:

Անոր ասոր դատը կորսնցնող փաստաբան, ան ալ 60 փարայի։

Վաթսուն տարու մարդուն տասնվեց տարու աղջիկ տվող տերտեր, ան ալ 60 փարայի։

Քսան ղուրուշնոց դիրքը ասոր ծախիմ ըսես նե՝ ան ալ 60 փարայի։

Առաջնորդեն գանգատ ունեցող ժողովուրդ, ան ալ 60 փարայի։

Հայուն անունը չտվող հայ, ան ալ 60 փարայի։

Տարիքը առած, ամուսնութենե հույսը կտրած, առօրյա էրիկ փնտրող աղջիկ, ան ալ 60 փարայի։

Քոլեռայեն մնացած բժիշկ. ան ալ 60 փարայի։

Վանի առաջնորդ Պողոս աղբարը, ան ալ 60 փարայի։

Ռուբինյան թագավորներուն շինած Սսո հայրապետական վանքը, ան ալ 60 փարայի։

Սահմանադրությունը գավառաց գործադրելուն համար առաջնորդաց տրված հրահանգը, ան ալ 60 փարայի։

Գավառացի չորպաճիներուն ազգասիրական գործերը, ան ալ 60 փարայի։

Ընթերցարաններուն մեջ խմված փոքրիկ գավաթ մը սուրճը, ան ալ 60 փարայի։

Սուրբիկ տուտուին Սոֆիկ հանըմեն գողցած մախառա մը թիրեին համար ծեծ ուտելը, ան ալ 60 փարայի։

Քաբու քեհյասիներուն տեսած գործը, ան ալ 60 փարայի։

Պատրիարքի յասախճիներուն վարձքը, ան ալ 60 փարայի։