Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻՇԱԲԹԻԵՆ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱՆ ՀԱՐՍԸ

Ամեն մարդ գիտե, որ հարսնիքին երկուշաբթի օրը հարսին սնտուկը մորը տունեն հարսին ետևեն փեսին տունը կը ղրկեն։ Հարսին կեսուրը, տալվտանքը, ուրիշ հարսնևոր տիկինները հարսին սենյակը կը բերեն սնտուկը, կը բանան ու մեկիկ մեկիկ մեջը ինչ կա նե կը նային։ Ծակ աչքի պես հեմեն հարսին ճեհեզը կը նային կոր չըսվի տեյի, եկեք աղջիկներ հարսին վրան վախենք կըսեն ու անանկ կը նային, թեպետ սնտուկը թեթև գտած ատեննին խոսքը կը վախեն ու հարսին վրա վախենք կըսեն։

Փերուզիկը անցյալ շաբթու Սամաթիա հարս գացեր է։ Երկուշաբթի առտուն ալ սնտուկը ետևեն տարեր էին։ Հարսնևորները եկեք աղջիկներ հարսին վրան վախենք ըսելով, սնտուկը բացին։

Անդին երկու հոգի ալ հարսնքուրին հետ հարսը հանվեցուցին ու շապիկով վարտիքով կայնեցուցին, որ ուրիշ ֆիստան մը հանեն սնտուկեն ու ան հագցնեն։

Փեսին քույրերը սնտուկը բացին։

— Աս ի՞նչ է, շալը սնտուկին վրան կը դնեն, ասոր վրա շալ չիկա նե՞։

Հարսնքույրը — Հանրմ, ֆիստան մը տվեք դա տեղեն հարսին հագցնենք ու ետքը ճեհեզը նայեցեք, հարսը չմսի։

— Հա, աղեկ ըսիր ամա, կայնե նայինք, աս ի՞նչ է, աս քյուրք ալ չկա։

Հարսը կամաց մը հարսնքույրին — Կայ, թող աղեկ նային, տուկը մնացած ըլլալու է։

Հարսնքույրը — Կա եղեր, տակը մնացած չըլլա:

Փեսին քույրերն ու ուրիշ հարսնևորները ամենը մեկեն քսան ձեռքի չափ մեկեն սնտուկին մեջ խոթերին ու մեջի բաները, տակն ու վրա ըրին և մուշտակը գտան (Մոսկոֆը չհասկցվի, մուշտակ բյուրք ըսել է):