Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դատերը երթալով բազմապատկվելու վրա են, արդյոք ե՞րբ պիտի տեսնվին։

Օրագիր կըսե, թե բնավ տեսնվելիք չունին, արդեն Օրագիր ատոր ատանկ ըլլալը շատոնց գիտնալուն համար է, որ երբեմն երբեմն դատ ունիմ, դատվիլ կուզեմ կը պոռա, եթե յուր ուզած դատաստանները տեսնվելու աղոտ նշույլ մանգամ մեկ քանի հազար փարսախ հեռվեն նշմարելու չըլլար՝ ատանկ բառ մը բերնեն կը հանե՞ր։

Ի՞նչ կընես, ատ ալ այդ ճամբան գտեր կերթա կոր, Աստված տար, որ զինք դատի չի հրավիրեին, որով յուր լեզուն փոխելու դժբախտությունը չունենար։

Ցորենը առատ ըլլա նե՝ գինը կիջնա՞, թե կը բարձրանա։

Կարծեմ կիջնա. չէ՛, Հայրենիքի մեջ միշտ գինը կը բարձրանա՛։

— Ինչո՞ւ։

Հասկցնեմ քեզի։

Խոտորնակ համեմատությամբ, եթե ցորենը շատնա գինն ալ պիտի քիչնա։ Բայց եթե ուղիղ համեմատության շարենք, ցորենը շատնա նե՝ գինն ալ կը շատնա։ Արդ, քանի որ ուղիղ համեմատություն կա, ի՜նչ պետք է խոտորնակին դիմել և ըսել, թե անպատմելի առատություն կա ցորենի և գինը շատ բարձր է. թող ցորենը առատ ըլլա տե, աղքատները անոթութենե ջարդվին։ Ասկից զատ բան մալ կա, ասանկով ծուռ բուսած ցորեններն ալ ուղիղ համեմատության վերածելով՝ անմիջապես կը շտկվին։


Մամուլ ի՞նչ է։

Պատվավոր և պատվական խմբագիր մը։

Ո՞վ կըսե։

Բայց մարդ ինքզինքը կրնա գովել, Սուրբ Գիրքը կըսե, թե «Գովեսցեն զքեզ այլք և մի քո բերան».

Այդ խոհականաց և իմ աստնոց համար է։ Տխմարաց Սուրբ Գիրքն ալ այսպես կըսե, երբ որ կը տեսնես, որ մեկը քեզի չի գովեր արժանիք չունենալուդ համար, դուն ինքզինքդ գովե։ Ասով իմաստնոց զվարճության նյութ կը հայթայթի։ Հարկավ քեզի պես քանի մը տխմար ալ կը գտնես ու կը կլլեցնես։

Իրավունք ունիս, այդպիսյաց ալ ատկից ավելի լավ հատուցում չի կրնար ըլլալ։