Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մեր տիկիններն ու օրիորդներն երբեք մտքերն են կանցունե՞ն արդյոք, որ իրենց այժմյան գործածած կոշիկներն ասկեց հազարավոր տարիներ առաջ վերին Եգիպտոսի բնակիչները կը գործածեին»։

Մասիսին այս հարցումը մեր մտքին մեջ հետևյալ հարցումը ծնավ։

Մեր ընթերցողներն երբեք մտքերնեն անցուցած են արդյոք, որ Մասիսին այսօրվան տված լուրերն ասկեց հազարավոր տարիներ առաջ վերին Եգիպտոսի բնակիչները կարդացած են։


— Ի՞նչ է սնանկությունը։

— Վաճառականության հետ գրությունը:


Երեկ գիշեր Բերա, Աղա ճամիսի պզտիկ հրդեհ մը եղավ․ ժամը երկուքուկեսին էր, ամեն մարդ կրակն ժամ մը առաջ իմացած ըլլալով Բերա կ՛ելնեին վազելով։ Այս միջոցին պեքճին, որ կ՛երևի թե նոր իմացած էր, կը պոռար․

«Յանղուն վար, Պեյ օղլունտա Աղա ճամիտե»։

Էհ, ըսի մտքովս, աս ալ պեքճիներուն Մասիսն ըլլալու է․․․։


Փունջին մեջ կը կարդանք․

«Աղթամարա կաթողիկոսն սպաննող քյուրտերն մեռած են, այսպեսով կը կարծենք, որ այս հինավուրց խնդիրն ալ կը լմննա»։

Այս եզրակացության ա՛լ ըսելիք չկա․ Խաչատուր սրբազանն կաթողիկոսության աթոռն բարձրացնելու համար իբր թե այդ քյուրտերուն մեռնելուն սպասեինք, իբր թե այդ քյուրտերուն մեռնիլն Խաչատուր սրբազանին անմեղության փաստն ու ապացույցն ըլլար...։


— Տիկին, թևդ ինչո՞ւ կապեր ես։

— Մի՛ հարցուներ, Թագուկ տուտու, անցյալ շաբթու Քեսթանե սույի կ՛ելլայինք կոր, էշը մեկեն ի մեկ ինկավ, թևս տակը մնաց։