Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թորոս աղա, իմացաք որ քանի մը ժամանակն ի վեր ինքզինքնիդ ժիմնազթիքի տվեր եք եղեր։

— Այո՛։

— Գոնե ըստ բավականի վարժվեցա՞ք։

— Կամաց կամաց պիտի վարժվինք, քանի մը օրե ի վեր ծնոտես կախվելու փորձ կ՛ընեմ կոր, բայց չեմ կրնար կոր։

— Կարծեմ այդ փորձը ի երեսփոխան Մ․․․ էֆենտին ամեն են աղեկ կրնա ընել։

— Ինչերն գիտցար։

— Ատենագրություններեն։

— Ատենագրություններե՞ն մի։

— Այո՛։

— Երեսփոխանական ժոդովին մեջ անդամները ժիմնազթի՞ք կը խաղային կոր։

— Չէ, եղբայր, շատ խոսելեն հասկցա, որ զորավոր ծնոտ ունի և շուտ չհոգնիր։


— Հայրի՛կ, անցյալ շաբթու երկու կրոնավորներու փիլոնները առեր են, անշուշտ անոնց բարի մարդ ըլլալնուն համար փիլոննին առնվեցան, այնպես չէ՞։

— Չէ՛, տղաս, հանցավոր ըլլալնուն համար։

— Հանցավո՞ր ըլլալնուն համար մի։

— Այո՛։

— Մինչդեռ ես շատ մը վարդապետներուն ընթացքին նայելով համոզված էի, որ հանցավոր մարդոց կռնակը կուտան փիլոնը։