Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անանկ է նե՝ տղաս ժամավաճառությունը աղեկ սորվի նե ժամագործի մը քով կը դնեմ։


— Սիրահարներն ինչո՞ւ համար մազերնին կտրելով իրարու կուտան։

— Որովհետև սիրահարությունն ալ տեսակ մը թիֆուս ըլլալով՝ գլուխը պաղ բռնել պետք է։


— Կնիկներեն ինչո՞ւ երեսփոխան չընտրվիր։

— Որովհետև խնդրոց կարգը միշտ մոտան կըլլա։


— Անգղիան ինչո՞ւ համար Ռուսիայի նոթան չընդունեց։

— Անոր համար, որ Ռուսիայի մուզիգան Անգղիո ականջին պաղ կուգա։


— Կնիկները երբ չկրնան էրիկնին բանի մը մեջ համոզել ի՞նչ կընեն։

— Կսկսին լալ. փաստերնին օգուտ չընելուն պես, արցունքով ի գութ կը շարժեն։


— Հարուստներեն ոմանք ինչո՞ւ հայերեն լրագիր չեն կարդար։

— Հարուստ չեղող մարդոց խոսքերուն կարևորություն չտալու համար։


— Խըրըխճիներուն առուտուրը ե՞րբ դադրեցավ։

— Երբ որ օմնիպյուսները վերցան։