Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

— Ինչո՞ւ ասանկ կանուխ կերթաք բարեկամ, նստեիք քիչ մը խոսեինք։

— Մի՛ ստիպեր, կ՝աղաչեմ, քունս եկավ, երթամ քնանամ։

— Դեռ ժամը երեք է, քիչ աս վախթ մարդուն քունը կուգա՞։

— Իմինս եկավ։

— Գինին շատկե՞կ խմեցիր, ինչ ըրիր։

— Չէ՜, ատամ, քիչ մը Մամուլ կարդացի։

Սենյակեն ծերուկ մը — Ոտվընիդ պագնեմ, քիչ մ՝ալ ինձի տվեք այդ Մամուլը, որ կարդամ, զերե գիշերները քուն չունիմ, մինչև լույս կը հազամ։


— Լսեցի, որ կարգված եք, արդյոք կրնա՞մ ձեր կնկան ով ըլլալը հասկնալու պատիվն ունենալ։

— Քրոջս աղջիկը առի։

— Ին՞չ կըսեք, ատանկ բան կըլլա՞ մի յա՛։

— Եղա՞վ։

— Առաջ չէր ըլլար սակայն։

— Առաջ ալ կ՝ըլլար, բայց տգիտության խավարը պատած ըլլալուն չէր տեսնվիր։


Իպրեթ — Իմացա, որ Օրագրին և Մեղուին պատասխան պիտի գրեք եղեր աս շաբթու։

Հատիքա — Այս շաբթու պիտի գրեի, բայց օդերը գեշ երթալուն պատճառավ դեռ Կելիպոլուի շոգենավը չեկավ։ Մամուլ ալ ինձի դեմ պիտի գրե եղեր։

Իպրեթ — Կ՝երևի թե ան ալ փոսթ լոքալին կսպասե։