Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոմանք նվեր կըսեն։

Ես ո՛չ մին կ՝ըսեմ և ո՛չ մյուսն, այլ պարզապես ողորմություն կ՛ըսեմ և իմ խնդակցությունս կը հայտնեմ Միրախորյան և Ալլահվերտյան էֆենտիներուն, որ հաջողած են Իզմիրյանցի կտակին գութը շարժել իրենց անձին վրա։

Կարեկցության արժանացած են իրենց գործերն, եթե պետք է հավատալ քննիչներու վկայությանդ, որք ոչ թե մրցանակի, այլ քաջալերության արժանի կը դատեն այդ երկասիրություններն։

Քանի մը բացատրություններ կան, որք տկարություն կը նշանակեն և այս բացատրություններն են.

Քաջալերության արժանի է.

Տակավին պզտիկ է.

Առաջին գործն է.

Փորձառու չէ տակավին.

Ապագային համար հույս կուտա։

Այս բացատրությանդ ամենեն զորավորն առաջինն է, որովհետև տկարներն են արժանի քաջալերության: Եվ տակավին կսեն, թե կտակն անբռնաբարելի է։

Տկարներն քաջալերելն քաջերն վհատեցնել չէ՞:

Երկու առագաստավոր կը մրցին։

Մին ետ կը մնա և կերթա մրցանակը կառնե։

— Ինչո՞ւ։

— Ետ մնացած ըլլալուն համար։

— Ե՞տ մնացողներու խոստացված է մրցանսկ։

— Ո՛չ։

— Ինչո՞ւ ուրեմն կառնե։

— Որպեսզի քաջալերվի և ապագային մեջ ավելը արագ ընթանա։

Տեսակ մը բարեգործություն է այս, և ուրախ ենք, թե այդ երկասիրությանդ հեղինակներն մասամբ դարմանեցին վնասն, որ այդ գործոդ տպագրության ծախքեն հառաջ եկած էր. այսուամենայնիվ ազգային արժանապատվության տեսակետով կը տրտմինք, տեսնելով, որ այդ կտակի մնայուն հանձնաժողովո առաջին գործողությունն արժանի չէ մրցանակի։

Տար Աստված, որ օտար լրագիրներն հետաքրքրություն չունենային մրցանակի արժանացած այդ գործերն թարգմանել տալու, թեև վստահ ենք, թե ոչ մեկ հայ մոր ազգային արժանապատվության նախանձախնդիր է՝ պիտի հոժարի թարգմանության սույն տխուր պաշտոնն ընդունելու։