Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարդացեք Արևելքի վերջին երեսը.

Կաթված, փսխում, ստամոքսի ցավ, խիթ, շնչահեղձությունդ խոհանոցի գործիներ, լոգարտն, գինվո մառաններ, ջղաձգությունը, լուսնոտություն, արգանդախեղգ, սառույցի գործիներ, գլխու պտույտ, ծորակներ, խցագիր մեքենա, ջղային տագնապ, էճիբշըն շոգենավ, Ալճերիան, Ալզասիան, քնատություն, ուղեղային բորբոքում, դեղնություն և այլն և այլն վայրկենի մը մեջ կը չքանան։

Արյուներթության դեմ մեկ հատիկ է այս դեղը, մտիկ ըրե՛ք Արևելքը.

«Արյուներթություն. — Սրբանի մը մեջ կը խոթեն քիչ մը բամբակ, որ թաթխված լինի ջրախառն մաքրողականի մեջ — ամբողջ ժամ մը օրը երկու անգամ — »։

Մեր բարեկամներեն մին փորձած է այս դեղն արյուներթության դեմ և կատարելապես հաջողած է, միայն թե քովը բամբակ չունենալով ծոցեն Տ... թյան ընկալագիր մը հաներ է և կտոր մը փրցնելով բամբակի տեղ գործածեր է։ Մեր բարեկամն յուր այս դիպվածական գյուտն հանձնարարեր է բոլոր բարեկամաց, որոնցմե շատերը կը հաստատեն, թե այդ թուղթն առանց մաքրողականի մեջ թաթխվելու իսկ կրնա արյուներթության առաջքն առնել։

Զարմանալի բան..․ բնության մեջ կան տակավին գաղտնիքներ... անթափանցելի բժշկական գիտութենե ըստ Ջախջախյանի, գիտության ըստ Հյուրմիզյանի, ի գիտութենե ըստ Գ. Ս․-ի և գիտութենեն ըստ Հ. Թ.-ի։

Ահա քեզի քառյակ թարգմանություն մալ։ Ոսկեղեն դարն ալ չմոռնանք... ոսկեղեն դա՜ր։

Դժբախտաբար գրոց մեջ, ե՞րբ պիտի ունենանք ոսկեղեն դար յուր բուն նշանակությամբ, այսինքն առատ ոսկիներ․․․ մեր լեզուն մեր ձեռներեն ավելի զորավո՞ր պիտի ըլլա միշտ..․


Նախալեզվի վրա Գարագաշյանի դատաստանն զայրացուցած է Տերվիշյանն, որ յուր հուլիսի թվույն մեջ և պատշաճից օրինաց Հակառակ լեզվով կը հարձակի Գարագաշյանի վրա։

Գարագաշյան պիտի պատասխանե անշուշտ Տերվիշանի։

Լեզուն արժան զատած է նաև նախատել Հյունքյարպեյենտյան քահանան, որու միակ հանցանքն է յուր ծերությունը։

Եթե Հյունքյարպեյենտյան կարգվելու համար աղջիկ փնտրելու