Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տան սպասավորներն ալ բնավ դատարկ չեն նստիր. ասդին անդին կը վազեն. գործ ըլլա ու չըլլա՝ գործել կը կեղծեն, եթե չկարենան իրենք զիրենք գործի վրա ցուցնել տան պարտեզը կսկսին փորել, աշխատություն մոր աչքի կը զարնե։

— Թորո՛ս, ինչո՞ւ կը փորես պարտեզը։

— Ի՞նչ ընեմ, ճանըմ, չեմ կրնար պարապ նստիլ, կը նեղանամ։

Սպասուհիներն անկողիններն ավելի խնամով կը պատրաստեն, սենյակներն ուշադրությամբ կավլեն, ստնտուներն տղաներն շատ չեն կսմթեր, ծառաները շատ աման չեն կոտրեր և առավոտները կանուխ կ՛ելնեն սովորականեն ավելի, խոհարարներն կերակուրները համով կեփեն, մատակարարները քիչ կը գողնան։

Խմբագիրներն ալ դեկտեմբերի վերջերն ավելի ուշադրությամբ կը գրեն և շողոմարար հոդվածներ կը պատրաստեն տարեգլխուն համար, հոդվածներ, որովք թերթին բաժանորդները կը շողոքորթվին քիչ մը և թերթին ուղղությունը կը գովաբանվի։

Դասատուները նվազ սրատես և շատ ներող կ՝ըլլան ամսույս վերջերը, աշակերտաց ամենեն աչքի զարնող հանցանքները չեն տեսնվիր, անոնց ծուլությունը կը ներվի, աշակերտ մը նույնիսկ եթե ապտակե դասատուն՝ չտեսնելու կը զարնե դասատուն, որ կըսե.

— Շոյեցի՞ր զիս, Երվանդ, ապրիս, տեղդ նստե՛, համարդ կարդա՛։

Ո՛ դեկտեմբեր, դուն ալ, ինչպես կըսեն ռամկորեն, սաղլամ այագ գապը մը չես, բնավորությունները կը փոխես մարդոց, որոց բարուց մեջ փոփոխություն կը մուծանես։

Նշանված աղջիկներն ավելի շնորհք, ավելի սեր ցույց կուտան, որ կաղանդչեքը սիրուն բան մըլլա։

Տիկինները ավելի կը մեղքնան իրենց ամուսինները. «Շատ ծախք կ՛ընես կոր, բակց ընենք, պետք է, պարապ բաներու համար չես խարճեր կոր ա՛» կ՛ըսեն։

Վերջապես անոնք, որ կաղանդեն օգտվելու ասպարեզին մեջ կը գտնվին, կը ջանան հաճելի երևալ անոնց, որոցմե նվեր պիտի ընդունին։

Դառնանք քիչ մ՛ալ անոնց, որ կաղանդչեք տալու շրջանակին մեջ անցած են և մտիկ ընենք զանոնք։

— Ի՞նչ կա չկա, Համբարձում աղա։

— Ի՞նչ պիտի ըլլա, կաղանդ կա, ստակ պետք է, սա կաղանդչեքի սովորությունը չվերցավ գնաց։

— Կը վերնա՞ մի յա։