Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոսնակին, անկ է այս մասին գրել շարունակ։ Իրավունք չունիր, սրբազան եղբայրը իմ ի գանձանակ, ցերեկվան ժամը 6-ին Հարություն առնել տալ Քրիստոսին։

— Ի՞նչ ընենք, ժողովուրդը կանուխ չկրնար գալ եկեգեցին։

— Կրոնասեր ըրե՛ք զինքն, վազելով կուգա։

— Չգա՛ր։

— Եթե չգար, թո՛ղ այցետոմսը ղրկե։ Եվ այս միջոցն ավելի ընդունելի է, առաջի Աստուծո։


Եվ այցետոմսերը մեծ դեր կը կատարեն սուրբ Զատկի շնորհավորությանց մեջ ալ։

Սուրբ Զատկի այցելություններն անբերելի եղած են արդեն թե այցելուներու և թե՛ այցելյալներու։ Այս այցելություններն ընդհանրապես խիստ կարճ կը տևեն, որովհետև պարտավորիչ են, և ինչ որ պարտավորիչ է որքան թեթև ըլլա ծանր բեռ մ՝է։

Միայն կը փափագեի գիտնալ, թե օդն եթե գոյություն չունենար, ի՞նչ պիտի խոսեին մեզ Զատկի առթիվ այցելողներն, եթե գոյություն ունենային։ Օդն՝ գեղեցիկ կամ տգեղ, խոնավ կամ չոր, ցուրտ կամ տաք, միշտ խոսակցության գլխավոր առարկա կըլլա նույնիսկ մեր պաշտոնական այցելությանց մեջ։ Ամեն տեղ օդի վրա խոսվեցավ։ Միթե ամենքս ալ անձրևներու վրա չխոսեցանք։ Արդեն Քրիստոս հարյավ ի մեռելոց ըսելու սովորությունը վերցված է Զատկի այցելությանց մեջ։ «Այս ի՞նչ աղեկ օդ է» ըսելը՝ Քրիստոս հարյավ կը նշանակե։ «Այո՛, շատ աղեկ օդ է» պատասխանելն՝ օրհնյալ է հարություն Քրիստոսի կը թարգմանվի։ Ես ալ այս տարի այցելությանցս մեծ մասին մեջ երկու խոսք ըրի միայն և մեկնեցա։

Առաջին խոսքս, աս ի՜նչ անձրևներ։

Երկրորդը, էֆենտիին բարև ըրեք։

— Քիչ մ՛ալ նստեիք, կ՛ըսեին ըստ սովորության։

— Ուրիշ տեղեր ալ ունիմ երթալու, կը պատասխանեի ըստ սովորության։

Ծանոթներես մեկուն ալ այցելեցի առանց տունեն ներս մտնելու։ Մազ մնաց, որ դրանը պիտի զարնեի, երբ բարեբախտաբար տեսա տիկինն պատուհանեն վար կախված, կարծես Սաբեկա ծա-