Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղեկ գիրք մը և աղեկ կնիկ մը շատ թերություններ կ՛ուղղեն, գեշ գիրք մը և գիշ կնիկ մը շատ սիրտեր կ՛ապականեն. մարդիկ կան, որ գիրք կամ կնիկ առած ժամանակնին մի միայն անոր կազմին կը նային, խաբված ըլլայնուն համար տրտնջալու ի՛նչ իրավունք ունին։


Տգեղությունը առաքինութենե ետք աղջկան ամենեն աղեկ պահապանն է։


Դքսին մեկը օր մը Վերսայլի մեջ հսկա հասակավ կին մը տեսնելով քովիններուն հարցուց։

— Ո՞վ է այս կնիկը։

— Գյուղացի մէ պատասխանեցին իրեն։

— Գյուղի մէ ըսեք սըվոր, ըսավ դուքսը․․.։


Ծերերը միշտ նախանձոտ են. կը նմանին այն որկրամոլ տղայոց, որք աղվոր մը կշտանալեն ետքն ալ միայն իրենց համար պահել կուզեն մինչև անգամ այն կարկանդակները՝ զորս չեն կրնար ուտել։


Սերը ծերերուն համար ձյան վրա արև մէ, ավելի կը շլացնե զանոնք, քան թե կը տաքցնե։


— Թող սիրահարը իրարու ինչ ըլլալը ճանչնալեն առաջ զիրար սիրեն, ասի հոգ չէ, կ՛ըսեր օր մը Պ. Տ.... բայց ամուսինք զիրար չսիրած պետք է որ զիրար աղեկ մը ճանչնան։

— Օն անդը, ըսավ Շանֆոր, եթե զիրար աղեկ մը ձանչնային՝ շատերը չպիտի կարգվեին։


Սերը հասարակապետական ծնած է։