Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամուսնություն կըսեն նե՝ ի՞նչ է հայրիկ։

— Տրամաբանական ձեռնարկություն մէ, տղաս, որուն առաջին նախադասությունը այրն է, երկրորդը՝ կինը, ավելորդ կըսել, որ եզրակացություններն ալ զավակներն են։

— Ըսածնիդ սխալ է, հայրիկ, մեկ ձեռնարկութենեն քանի՞ եզրակացություն կելնե։

— Մեկ եզրակացություն կելնե ամա... իմաստակներ չկա՞ն մի յա, անոնց հետ գլուխ կելնվի՞ մի, երբեմն մեկ ձեռնարկուիննեն երկու եզրակացություն կը հանեն։


— Երեկ, մարդուն մեկը կռնակը էշ մը շալկած գացած ատեն, բարեկամներեն մեկը դիմացը ելնելով կըսե, թե սխալ բրեր ետ բարեկամ, դուն անոր վրա նստելու ես,— ամենը մեկ ճամբա կելնե, հա՛ ես անոր վրան նստեր եմ, հա ան իմ վրաս, երկուքնիս ալ կենդանի չե՞նք, կը պատասխանե մարդը։

Բոլոր այս խառնակությանը պատճառը Տերոյենց պատվելին է, որ առանց լավ մը բացատրելու կենդանի բառը, տգետներուն միտքը պղտորեց և անասուններուն ալ երես տվավ։

— Բերկրությամբ սրտի կը լսենք, որ Տերոյենց պատվելին ասկե ետքը հրապարակ իջնելու ըլլա նե՝ խղճովը պիտի խոսի եղեր։

— Զրույց կը պտըտի, թե Կրոնական ժողովը որոշեր է, որ ասկե ետքը կնիկներեն վարդապետ չձեռնադրվի։

— Վերջեն առնված լուրերուն նայելով՝ երեկ Սիրքեճի իսկելեսիեն, Սկյուտար բանող շոգենավին մեջ հարյուր կենդանի կա եղեր, ասոնց որչափը մարդ, որչափր ձի, որչափը կով ըլլալը հասկնալու համար Տերոյենց պատվելիեն «կենդանի» բառին պարսկերենը սորվելու գացեր են այսօր քանի մը խմբագիրներ։