Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոն Երվանդ, ինձի ըրած ծառայությանցդ փոխարեն աղջիկս քեզի տալ որոշեցի։

— Մեծապես շնորհակալ եմ։

— Հազար հինգ հարյուր ալ ոսկի պիտի տամ։

— Զիս շատ երախաապարտ կընեք կոր։

— Բայց գիտե՞ք, որ աղջիկս սապատող է։

— Ես առնեմ նե բան մալ չմնար՝ պատասխանեց Երվանդը ուրախութենեն ըսածը չգիտնալով։


— Ինչո՞ւ համար լեզուն այսօր միսեն սուղ կը ծախեք կոր։

— Որովհետև, վաղը Ընդհանուր ժողով կա, անոր համար։


— Իմացա՞ք, առջի օրը Թոփհանե, ձեր տիկինին մտնելիք նավակը Սկյուտար գացած միջոցին տակեն ջուր է առեր, ծովուն տակն է գացեր։

— Ոտվընիդ պագնեմ, ի՞նչ կըսեք։

— Այո՛, ծովուն տակը գացեր է, բայց մի՛ խռովիք, ձեր տիկինը անոր մեջ չմտավ ա։

— Ա՜հա, ես ալ ճիշտ ատոր համար կը խռովիմ կոր։


— Կարապետ աղա՛, առջի օրը խանութդ գոց էր։

— Հրամմեր եք, գոց էր։

— Բայց կարծեմ, որ դուք միայն կիրակի և մեյ մ՝ալ տոնախմբության օրերը կը գոցեք։

— Այո՛, անանկ է։

— Առջի օրը տոնախմբություն մը չկար։

— Ի՛նչպես չկար, զոքանչս մեռավ այն օրը։


— Հայերեն բառարան մը կուտա՞ք ինձի։

— Հրամմեցե՛ք, պարոն։

— Այս բառարանը ցանկ չունի՞ ետևը։

— Բառարանը ցանկ կ՝ունենա՞։

— Հապա ուզած բառս ի՞նչպես գտնամ մեջը։