Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չարաճճի, դո՞ւ կերար անուշը։

— Ես կերա, մայրիկ, կըսե Անանիա։

— Աս անգամ կը ներեմ, բայց չըլլա որ մեյ մալ ուտես։

Անանիա խաղ կանչելով, ցատկելով դուրս ելավ։

Երեք օր վերջը Անանիա նորեն գործեց այն հանցանքը։

— Դարձյա՞լ կերեր ես, թշվառական։

— Ես չկերա, մայրի՛կ։

— Ի՞նչպես չկերար, ես չտեսա, բայց Աստված տեսավ ուտելդ։

Անանիա նորեն խոստովանեցավ և խաչելության պատկերին վրա ծուռ ծուռ նայեցավ։

Առջի օրը անուշը նորեն պակսած էր։

— Դարձյալ կերած ես, հե՜ե՜։

— Ո՜Խ չկերա։

— Սուտ կ՛ըսես, Աստված ըսավ ինձի։

— Դուն սուտ կ՛ըսես կոր։

— Լռե՛, տեսեր է, կըսեմ կոր քեզի։

— Ի՞նչպես կրնա տեսնել, քանի որ ես անոր գլուխը կտրեր գրպանս դրեր եմ։

Մայրը կը նայի արձանին վրա և կը տեսնե, որ Հիսուսը գխատված է։


Կնկան մեկը յուր էրիկը կը թունավորե։

Թունավորյալը քննելու որոշված բժիշկը անոր աղիքներուն մեջ այնչափ թույն կը գտնա, որ դատավորներուն կըսե.

— Խեղճ մարդուն այնչափ թույն ավեր է, որով հինգ հոգի կրնա թունավորվիլ։

— Իմ էրիկս շատակեր էր, հինգ հոգիին կերածը կուտեր, կը պատասխանե կինը ոտք ելնելով։


Բողոքական քարոզիչ մը բեմը կելնե յուր ունկնդիրներուն Աստվածաշունչեն կտոր մը կարդալու համար։ Ակնոցը դնելով կսկսի կարդալ. «Այն ատեն Աստված Ադամին ընկեր մր տվավ», հեսա թուղթը դարձնելով կը շարունակե, «և դուրսեն ու ներսեն կուպրով (ղիֆթ) ծեփված, ու ամեն տեսակ անասուններով լի էր».