Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իմս է։

— Քուկդ է նե՝ հայհոյեր ես։

— Մութլախ հայհոյեր եմ նե՝ հիվանդ եմ այսօր, քովս օգնական ալ չունիմ, կը փափագիմ, որ դատս հրապարակավ տեսնվի։

— Անանկ է նե՝ երկուշաբթի եկե՛ք։

Կը հաստատեն, թե Փունջը այն օրը հիվանդ չէր ալ նե՝ նույն իրիկունը հիվանդացած ըլլալու է, որովհետև երկրորդ անգամ դատի գնացած օրը շատ դեղնած է եղեր, տեսակ մը տենդ ունի եղեր, որ ամբողջ մարմինը կը դողացնե եղեր։

Հանդիսականներեն ոմանք զայս տեսնելով՝ Փունջին քովը կերթան ու փոխանորդ կընդունի՞ս, կորսեն։

— Ո՞ւր է, ո՞ւր է, կը հարցնե Փունջը այլ հայլմե եղած, թո՛ղ գա, շուտ ընե, թո՛ղ գա, զերե ես հիվանդ եմ։ Ասոր վրա հանդիսականը կստիպեն զՊեկյան էֆենտի ընդունիլ փոխանորդության պաշտոնը և կը հաջողին։

Երկու կողմեն կսկսին իրենց փաստերը հառաջ քշել։

Կըսվի, թե Մասիսի փոխանորդին այս անգամվան փաստերը տկար են եղեր պահք բռնելնուն համար, և թե Մասիսի խմբագիրը երեկ 10 օխա միս է առեր փաստերուն կերցնելու համար։

Ույժ կը բարեմաղթենք իրենց։


Ընդհանուր ժողովո ԾԸ նիստին օրը, հոն գտնվող աղթամարցիներեն մեկը նայելով, որ մեծագույն մաս չգոյանալուն պատճառավ Ընդհանուր ժողովը գործ մը չպիտի կրնա ընել, գոնե երեսփոխան էֆենտիներու ինչ ընեքնին տեսնելու համար ներս մտնել ուզեր է, բայց յասախճին թող չէ տվեր ըսելով թե՝

— Նիստը դռնփակ է, գործ չունեցողը ներս չկրնար մտնել։

— Գործ չունեցողը ներս չկրնար մտնալ նե՝ ներսինները ինչո՞ւ դուրս չեն ելներ կոր կը պատասխանն աղթամարցին։


Յառաջիկա կիրակի գիշեր Օրթագյուղի թատրոնին մեջ ի նպաստ աղքատաց ներկայացում մը պիտի տրվի և պարոն ալ ի դիմաց ոչ նպաստավորյալ դերասանաց ի խորոց սրտի Հիշեսջի՜ք և զմեզ անուն երգ մը պիտի երգե եղեր։