Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե իր ըսածին պես ճեմիշներն ալ դաստիարակության կեդրոններն են նե՝ ո՜ւր գումարվելիքը հարցնելը ավելորդ է։


Շըմենտըֆերը անցյալ օր գծին վրայ են անցնող զինվորի մը ոտքը կոտրեր է։

Անանկ է յա, շըմենտըֆեր ըլլալեն ետքը՝ ոտքով քալելը ինչ ըսել է։


Ժամանակավ մինչդեռ մը կար, բոլոր խմբագիրք անով կսկսեին իրենց հոդվածները։

Ժամանակը անցավ, ժամանակին հետ մինչդեռ—ի այս գործածությունն ալ անցավ։

Խմբագիրք հիմա այսպես կսկսին իրենց հոդվածները. շատերը մեզ կը հարցնեն թե՝...

Ինչո՞ւ ուրեմն ձեր պարտքը չեք կատարեր, և այս հարցումներուն տեղի կուտաք։

Մինչև հիմա մեկը ինձի բան մը հարցուցած չունի, որովհետև անոնց հարցունելուն չսպասելով՝ պարտավորությունս կը կատարեմ։

Բայց հիմա շատերը մեզ կը հարցնեն, թե իեչո՞ւ Ասիա հակասությանց մեջ կը գլորի միշտ, և թե ե՞րբ պիտի ազատե իր օձիքը այս հակասությանց ձեռքեն։

Կը պատասխանենք․

Երբ իր օձիքը ազատե Մեղուի ձեռքեն։

Ասիային 62 թիվ թերթին մեջ կը կարդանք։

«Հիվանդ մը կամ դարմանելու է, կամ մեռցնելու է»։

Եթե այս կարծիքը հիվանդ լրագրաց համար ալ ըսվեր՝ Ասիաս մեկ ժամ ապրեցնելը մահացու մեղք մը պիտի ըլլար, որովհետև բժշկվելու բնավ հույս չկա, մանավանդ թե այս կարծիքը հայտնելեն ետքը։


— Հայրի՛կ, էշ բառին նշանակությունը ի՞նչ է։

— Գաղափարին քովը դնելու է, տղաս, որ բան մը հասկցվի․ ըսե՛ նայիմ, ո՞ւր դրված տեսար այդ բառը։