Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցյալ շաբթու Սուրբ խաչի թաղեցիներեն ոմանք քահանայացումը կը ներկայացնեն Պատրիարքարան և կը խնդրեն, որ հրաման տրվի քահանա ձեռնադրվելու։ Երբ կըսվի իրենց, որ այդ անձը քահանա ըլլա նե՝ չկրնար ապրիլ, ասոնք կը պատասխանեն, որ այն Հիսուսը, որ երկու ձուկով այնչափ մարդ կշտացուց, կարող չէ քահանա մը ապրեցնել։

— Այդ հրաշքները 1873 տարի առաջ կըլլան եղեր, կը պատասխանե քմծիծաղով մը Կրոնական ժողովո ատենադպիր արժանապատիվ Իզմիրլյան վարդապետը։

Կեցցե՛ս ուրեմն, «Հաւատք քո կեցուցին զքեզ»։

Եթե Հիսուս խարազանով այսօր Պոլիս մտնար, քիչ կրոնավոր պիտի տեսնեինք, որ խարազանի հարվածեն կռնակը վերքեր բացած չըլլա։


Ասկե տասն և հինգ օր առաջ քնաշրջիկ վարդապետին մեկը, գիշեր ատեն Բերայեն, անկողինեն ելնելով տունեն դուրս կելնե ր քալելով մինչև Ենի գյուղ կերթա, հոն տուն մը կը մտնե։

— Ի՞նչ կ՜ըսես Մեղու, քնաշրջիկ մը այս չափ կրնա՞ քալել։

— Քնաշրջիկին կեորե. առաջին կարգի քնաշրջիկ մը մինչև Բարիզ կրնա երթալ, թե որ հոն․․․ ուհի մունենա։

Հա՜, հա՜, հա՛։

Քնաշրջիկ մ՝ալ Պոսթան իչի երևցեր է այս օրերս․ այս մասին մեր առած տեղեկությունները ստուգելեն ետքը՝ վարագույրը պիտի բանանք։


Կերևի, թե Միսաքյան էֆենտիին կենդանին չքալեր կոր. որովհետև իր տարապարհակ չվույն երկրորդ հանգույցը չորեքշաբթի օրը ընելու տեղ այսօր պիտի ընե եղեր Փունջին մեջ։

Այսօրվան Փունջը ոչ ոք պիտի կարդա, որովհետև ծալված և կնքված պիտի ըլլա — ինչո՞ւ — վասնզի առ սրբազան Պատրիարք հայր ուղղյալ երկար նամակ մը պիտի պարունակն եղեր։

Այս Թռչնոց քաղաքը տղայոց ալ բերանն ինկավ. առջի օրը տղուն մեկը կ՛ըսեր, թե եթե աստղ բառին ստուգաբանությանը վրա ըլլար խնդիրը, մեծապատիվ Միսաքյան էֆենտիեն բացատրություն