Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային երևելի գրագետներեն մեծապատիվ Կարապետ էֆենտի Փանոսյան ճեմիշներու բարեկարգության մակագրյալ յուր երևելի հոդվածին մեջ կըսեր, թե՝ դաստիարակությունը մարդուս ամեն կողմեն սկսելու է, այսինքն՝ թե՛ վարեն և թե՛ վերեն, ասկե կը հետևցներ, որ մարդս չկրնար դաստիարակյալ ըսվիլ երբ մաքուր չըլլա։

Առջի օրը փիլիսոփա մը տեսա, որ թեև բարի դաստիարակություն մը առած էր, բայց Մանզումեի ըսածին չափ մաքրասեր չէր։

Այս տեսնելով ըսի․

Ահա մարդ մը՝ որուն վերը վարին հետ հակասության մեջ է, և որուն վերը վարին կը զոհվի ըստ Մանզումեի և վարը վերին կը զոհվի ըստ ճշմարիտ դաստիարակաց։


ԳՈՐՏԱՄԿՆԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ահա՛ բառ մը, որուն մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը կրնա հեռագրական թել մը ձգվիլ։

Չգիտենք, թե Միսաքյան էֆենտին այս քաղքին մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը քանի՛ ժամվան մեջ կրնա երթալ քալելով։

Միայն սա գիտենք, որ մարդուն մեկը առջի օրը գոր ըսեր Սամաթիայեն տուն են դուրս է ելեր, և վազելով մյուս վանկերն ալ արտասանելեն վերջը՝ երբ կարգը թյունին կուգա՝ մարդն ալ ինքզինք կամուրջին գլուխը կը գտնա։

Երկար ճամբորդություն ընողներուն աչքը լո՜ւյս...


Միսաքյան էֆենտիին կենդանին Յաղաամու իշուն պես պատերուն և փուշերուն քսվելով քսվտելով քիչ մը քալելեն ետքը նստավ թշվառականը, ա՛լ չքալեր կոր։

Նորին փիլիսոփայությունը Կենդանի-են իյնալեն ետքը ամեն կարգի ազգայնոց պարտյացը վրա պիտի խոսի եղեր, և մեզ պիտի հիշեցնե եղեր գիշեր ատեն սպասավորին հետ աստղերը դիտելու ելնող և փոսը իլնող փիլիսոփային առակը, բայց հիմա խոսելու ըլլա նե՝ գրությունը յուր արժեքը կը կորուսնե եգեր։