Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոսել մի՛ տար զիս, ընթերցող, որովհետև բնության մեջ ալ այլանդակ բաներ տեսնե, սկսա:

Ի՞նչ հարկ կա ականջ տալ այն մարդուն՝ որուն խոսելու պաշտոն ավեր է բնությունը, ի՞նչ հարկ կա լեզու տալ այն մարդուն՝ որուն լսելու պաշտոնը տվեր է բնությունը։

Գլուխը մարդուս ջրամբարն է, որուն ծորակն է լեզուն։ Ո՞վ բնություն, ինչո՞ւ ծորակ դրեր ես այդ ջրամբարին՝ որուն մեջ ջուր լեցուցած չես։

Այդ տեսակ մարդիկ կը նմանին աղբյուրի մը, որ ծորակ ունին և ջուր չունին։ Այդ տեսակ մարդիկ ըստ իս զարդի համար ստեղծված են, և կը նմանին հայկական այն բառերուն՝ որք զարդի համար միայն կը գործածվին պերճախոսության մեջ։

Ո՜վ Մանզումե, եկո՞ւր իմ զվարճական պերճախոսությունս քիչ մը զարդարելու...


Կիմացունեն մեզ, թե Խասգեղի 3 թիվ շոգենավը յուր ղեկին դեմ ապստամբելով իրեն ուզած տեղը կերթա կոր եղեր։

Ահա տրամաբան շոգենավ մը։ Եվ ի՞նչ է ղեկը։

— Առաջնորդ մը, որ ետևեն կուգա։

Խասդեղցիք նկատողության առնելով այս շոգենավին ապստամբությունը իրավացի դատեր են, և որոշեր են Խալըճի-օղլուեն չվանով քաշել հիշյալ շոգենավը, մինչև որ ղեկը հանձն առնու շոգենավին առջևի կողմը կայնելով առաջնորդություն ընելու։


— Հառաջիկա ուրբաթ ավուր Երեսփոխանական ժողովին ո՞վ պիտի Նախագահե։

— Հայր արդարությունը։


Կըսվի, թե՝ այս օրերս եկած հորդառատ անձրևներու պատճառով Սկյուար բանող շոգենավներուն մեջ նավակ բանիլ սկսեր է։