Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ստեփան փաշա ասկից ավելի մեծ ծառայություն չկրնար ընել ազգին, և ապահով ըլլա, որ դիվան են հրաժարելովը՝ դիվանին մեծ օգուտ մը ըրավ։

Ի դիմաց դիվանին մեր շնորհակալությունները կհայտնենք իրեն։

— Բարեկամ, կը ճանչնա՞ս սա մարդը։

— Այո՛, կը ճանչնամ։

— Այս մարդը շատ մտածող մէ։

— Այո՛, այնչափ շատ կը մտածեի որ գործելու ժամանակ չգտնար, ինչպես որ Ստեփան փաշան ալ այնչափ շատ կը գործե, որ մտածելու ժամանակ չունի։


Տատյան վսեմափայլ Հարություն պեյին խաղաղությամբ Ընդհանուր ժողովը կառավարելեն վերջը՝ Ընդհանուր ժողովը այս վիճակին մեջ բերելը ինչի՞ կը նմանի։

— Առանց վտանգի երկար ճամբորդություն մը ընելեն ետքը նավահանգստին մեջ խեղդվելու։


Առջի օրը, մարդուն մեկը յուր տանը դռան համար կղպակ մը առնելու համար դարբինի մը խանութը կերթա, կղպակ մը զատելեն ետքը բանալի մ՝ալ տո՛ւր, կըսե։ Խանութպանը բանալի մը կուտա։

— Դուռը գոցելու համար բանալին ա՞ջ կողմը դարձնելու է, չէ նե՝ ձախ կողմը։

— Չախ կողմը։

— Չըսե՞ս, որ բանալին ալ ձախակողմյան է։


Ստեփան էֆենտի Փափազյան՝ հայ պատմագիրը ինքզինք արդարացնելու համար իր ընկերներուն կ՝ըսե եղեր թե՝

— Մի՛ վախնաք, պատմությունը զմեզ պիտի բարձրացնե։

Ես ալ կը հավատամ ասոր, եթե Ստեփան Փափազյան էֆենտին զպատմությունն նվաստացնե։