Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոր ի պատասխան Րոպերթյան վարժարանի պաշտպան լրագիրք կ՛ըսեն.

«Րոպերթյան վարժարանին մեջ հայ տղաքները մեռցնելու մասին փոփոխություն մը եղած չէ»։


Պրուսայեն նոր թերթ մալ հրատարակվիլ սկսավ Պրուսա անունով։

Այս լրագիրը կը խոստանա «Սըհեթլի հավատիսներ» հրատարակել։

Պրուսայի մեջ հանքային բաղնիքներ ըլլալով կերևի, թե Պրուսային խմբագիրը ստացած հիվանդոտ լուրերը այդ բաղնիքներուն պիտի ղրկե և հոն բժշկություն գտնելեն ետքը պիտի հրատարակե զանոնք։

Փափագելի էր, որ Օրագիր ալ իր լուրերը նախ Պրուսայի բաղնիքները ղրկեր և վերջը հրատարակեր։

Այս առիթով կը հարցնենք Պրոաայի խմբագրին, թե արդյոք կարելի՞ է արտոնություն շնորհել մեզ պզտիկ թերթ մը հրատարակել յուր լուսանցքներուն մեջ։


Իմաստակ սարկավագին մեկը Երուսաղեմ տպված Եկեղեցական պատմությունը ավրել ուզելով անոր ասոր կըսե եղեր թե՝

— Տրդատին խոզի կերպարանափոխվիլը, Բաղաամու իշուն խոսիլը ինչո՞ւ համար դրված չեն մեջը։

— Որովհետև, պատասխաներ են իրեն, այդ խոզը և էշը դրվեր նե՝ ուրիշ անուններ ալ դնել հարկ կըլլար, և պատմությունը կենդանաբանություն կըլլար։


Կը լըսենք, որ Ամերիկայի գյուղերուն մեկուն մեջ մուկին մեկը կատու մը և շուն մը ծներ է։

Ո՜վ բնություն, ի՞նչ է ըրածդ, նախադասությունը ո՞ւր, եզրակացությունները ո՜ւր:

Աչքդ լույս, Օրագիր, քու տրամաբանությունդ կենդանիներով, մեջ գործածվիլ սկսեր է։