Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տե՛ս, տե՛ս, ահա աշակերտ մը որ վազելով կառավարիչին կ՝երթա։

— Վարժապետ, Կարապետը ինձի քյուֆյուր կընե կոր։

— Ինչու՞ համար քյուֆյուր կ՚ընես կոր պարոն։

— Վարժապետ, ես քյուֆյուր չըրի շունշանորդի ըսի։

— Ասիկա քյուֆյուր չէ, այոլ, քյուֆյուր չըլլալը ասկե ալ հայտնի է, որ ձեր հայրերու բերնեն վար չիյնար ատ բառը. բայց դուն ալ պարոն ուրիշ անգամ ցած ձայնով ըսե ատ խոսքը, հայտե՛, տեղերնիդ գացեք։

Անոնք չնստած, նայե, աղա մը վազելով կառավարիչին կ՝երթա։

— Վարժապետ, Հակոբը ինձի կից կուտա կոր։

— Հակոբ էֆենտի (ուրիշ ատեն ծո) ինչու համար կից տվիր, խուզիս (ուրիշ ամսո մեջ ավանակ)։

— Վարժապետ, ձեռքովս դիր կը գրեի կոր. ոտքով զարկի, ուրիշ անգամուն ձեռքովս կը զարնեմ վարժապետ։

— Ապրի՛ս տղաս, հայտե՛, տեղերնիդ գացեք։

Կը տեսնա՞ս կոր սա տղան, նայե ինչպես կառավարիչը կը ծաղրե կոր. ահա ոտքի վրա ելավ. տե՛ս. կառավարիչին առջևը գնաց. ա՛, ձեռները վեր վերուց կը խաղա կոր, հա՛, կառավարիչը տեսավ... չտեսնելու զարկավ... աղան կը ցատկե կոր. աս թոհաֆ բան է. Աստվածդ սիրես, չե՞ս տեսներ, կառավարիչը դարձյալ չտեսնելու զարկավ...ահա խըզլճխի կուտ մը կառավարիչին քթին նետեց..․ կառավարիչը չիմանալ կեղծեց, ահա տղան բոլքա խաղալ սկսավ... ալ կառավարիչը տեսավ, նայինք ինչ պիտի ընե հիմա, արդյոք որքան պիտի ծեծե խեղճ տղան։

— Ծո՛, ատ ինչ է. առջևս պարե՞լ...

— Խայր օլա վարժապետ, ես անանկ բան մը չեմ ըներ կոր, ձեր աչքին անանկ կ՝երևա կոր։

— Ծունկ չոքե հոն:

— Չոքիմ, ամա վարժապետ, բանթալոնիս ստակը հայրս կուտա կոր, յա՜։

— Անանկ է նե հոգաբարձության զրուցեմ, որ ծունկ չոքելիք տղայոց համար երկու երեք հաստկեկ բանթալոններ շինել տան տե ան ժամանակ կը չոքիս, հիմա տեղդ գնա։

Կուզես նե քիչ մալ ուրիշ դպրոցի մը ծակեն նայինք։

Ահա հոս ալ տղա մը կառավարիչին կերթա. նայինք ինչ պիտի ըսե։