Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներն են, որ ամբողջ սամաթիացիներեն ամբաստանվեցան դեռ առջի օրը․ այդ պարագաներն են, որ ձեր դպրոցները տակնուվրա ըրին, վերջապես այդ պարագաներն են, որ ձեր աղջկանց սուրբ ճակատը իրենց պիղծ մատվներովը արատեցին, հալածեցին անմեղ կուսանքը, և այդ պարագաներն են, որ այսօր երկու գավաթ օղի պարպելով «մենք հաշտվեցանք ալ» կըսեն և ձեր մորուքին կը խնդան (ունկնդրաց երեսներուն վրա թանձր ամպեր կը դիզվին, կուսանը և մանկունք կանձրևեն, պարագաները կը խնդան ու կը պարեն)։

Սամաթիացիք, եթե այս ըսածներս կը հասկնաք և կզգաք, ի գործ վազեցեք, ապա թե ոչ, վերուցե՛ք ձեր վարժարաններեն բարոյական դասերը, որովհետև խիղճ չունիք բարին ու չարն զատելու, վերուցեք պատմությունը, որովհետև միտք չունիք անցյալեն խրատելու, վերուցեք տրամաբանությունը, որովհետև միտք չունիք խորհելու, վերուցեք ճարտասանությունը, որովհետև սիրտ չունիք զգալու։

Խնդացնելու պարտավորյալ բերան մը ասկեց ավելի չկրնար իր պարտավորությունը մոռնալ, հետևապես կստիպվի իր սահմանին մեջը մտնալ (ունկնդրաց գիշերն երկարի, պարագայիդ տիվը կարճանա)։

Օգսեն Էֆենտին ըսավ նաև, թե Սամաթիո կռիվը կրնա երես՝ փոխանության լուծման պատճառ ըլլալ։

Ես ալ կը հաստատեմ այդ խոսքը, և շատ հավանական Է, որ Թիերն ալ այս պաաճառով հրաժարի, և Գաղղիայի հանրապետությունն ալ կործանի (արդեն օդերուն ալ անձրևոտ երթալուն պատճառը Սամաթիո կռիվն է կըսվի)։

Վերջին խոսք մալ։

Սամաթիացիք, ուրախացեք ձեր թաղականաց հաշտվելուն վրա։ Ես ալ կուրախանամ, և կը փափագիմ, որ մշտնջենավոր ըլլա այդ հաշտությունը։

Եվ որովհետև կռիվը խորհրդարանի մեջ ծագեցավ, և որովհետև հաշտությունը Հայկականի մեջ տեղի ունեցավ, թող մի՛ տաք իրենց մտնել խորհրդարանեն ներս, որպեսզի չըլլա թե դարձյալ կռվին, այլ փակեցեք զիրենք Հայկական զբոսարանին մեջ, ուր հաշտվեցան, և ուր կրնան միշտ սիրով և միությամբ վարվիլ իրարու հետ այդ թշվառական պարագաները։

Սամաթիացի՛ք։