Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ համար տրված է այդ ստակը։

— Կանչելու, հարցնելու է, անանկ է յա, մենք ալ գիտնալու ենք. ինչու համար առեր է ադ ստակը։

— Երկու հարյուր ղուրուշ ալ չարշին նստողին տրված է․ աս է։

— Չարշին երթալու է, որչափ մարդ կա նե ամենուն ալ մեկիկ մեկիկ հարցնելու է։

— Հարյուր ղուրուշ ալ շալվար հագնողին տրված է։

— Որչափ շալվարավոր կա նե ամենն ալ հոս կանչելու է․ գտնալու է էֆենտիմ, աս ինչ խայտառակություն է։ Զայն ձուն չհանելով փնտրելու է, որ չըլլա քի մարդը շալվարը հանե ու բանթոլոն հագնի։

— Հեմ ձեր սնտուկը բաց է։

— Բանլիքն ալ վրա՞ն է մի։

— Բաց է կըսեմ, բաց։

— Գանձապետը մոռցեր է գոցելու զահեր, թելաշ ուներ նե մարդը... ինչ է նե գոցելու է, բաց ձգել չըլլար ա՛, մեջը թուղթեր կան։

— Պե աղբար, դուք խոսք չեք հասկնար, ձեզի բացե ի բաց սնտուկը բաց է կըսեմ կոր։

— Աղեկ ա, ես ալ քեզի գոցե ի գոց գոցենք կըսեմ կոր։

— Այս միջոցին գանձապետը ներս կը մտնե։

— Հա՛, ընկերնիս եկավ. մարդ Աստուծո, ինչու՞ համար ուշադրություն չես ըներ.

— Ի՞նչ է եղեր որ...

— Սանքի չիյտես...

— Ես ճեպս ստակ մը դրած չեմ. հասկցա՞ր, ես հասկցա քու ըսելիքդ։

— Լռե՛, ըսելիքս ան չէ․ սնտուկը բաց ես ձգեր։

— Ես սնտուկը բաց չձգեցի, բալլիքն ալ քովն է, թե որ կոտրեր բացեր են նե՝ ատոր ըսելիք չունիմ։

Ասոր վրա մասնաժողովը ատյանը կը գոցե. թաղականք ալ կերթան։

Մենք չենք հուսար, որ սնտուկը բոլորովին գոց ըլլա, կամ թե բոլորովին բաց, այլ սանկ՝ քիչ մը արալըխ. այն արալըխն ալ փնտրվելու ըլլա նե՝ ամեն սնտուկներու մեջ կը գտնվի։