Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՐՈԻԹՅՈՒՆ ՄԵՌԵԼՈՑ

— Ի՞նչ կըսեն գերեզմանատան վրա։

— Տվե՜ք կըսեն։

Արտաքին գործոց պաշտոնյան գոհ չէ եղեր գերապատիվ փոխանորդ հոր տարած պատասխանեն և հրաման ըրեր է, որ շուտ երթա ուրիշ մը բերե։

Գերապատիվ փոխանորդ հայրը վազելով Պատրիարքարան գացեր է ուրիշ պատասխան մը առնել տանելու համար, ուրիշ մը չգտնալով դարձյալ նույն պատասխանը առեր տարեր է: Դարձյալ չէ հավնվեր։ Եկու տես, որ Պատրիարքարանն ալ գոհ չէ գերապատիվ փոխանորդ հոր բերած պատասխանեն։

Ո՜չ մին և ո՛չ մյուսը իրարմե գոհ են։

Բարձրագույն դուռը հավնվելիք պատասխան մը կուզե. Պատրիարքարանն ալ ուրիշ պատասխան չունենալով կաշխատի, որ տված պատասխանը հավնեցնե։

Ուստի, Հայրիկը նույն պատասխանը ինքը անձամբ կը տանի հինգշաբթի օրը արտաքին գործոց պաշտոնեին։

Նորին սրբազնությունը նորին վսեմության կը պատասխանե, թե գերեզմանատունը կրոնքի հետ սերտ կապակցություն ունենալուն՝ մեկը տրվելուն պես մյուսը կը քայքայի։

Նորին վսեմությունը պատասխաներ է նորին սրբազնության, թե գերեզմանատունը կրոնքին հետ գործ չունի։

Նորին սրբազնությունը նորին վսեմության, նորին վսեմությունը նորին սրբազնության պատասխանելեն վերջը նորին վսեմությունը նորին սրբազնության ականջն իվայր հնչեցուցեր է գաբրիելյան փողը և հրամայեր է, որ հարություն առնեն մեռյալները։

Երբ Բլանթամուր կըսեր, թե աշխարհիս վերջերն ենք, ոմանք չէին ուզեր հավտալ։