Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՋԱՍԻՐՏ ՔԻԹ ՄԸ

Մտիկ ըրե՛ք հիվանդնե՛ր, մտիկ ըրե՛ք և դուք բժիշկնե՛ր, բարձր նյութի մը վրա պիտի ճառեմ։

Պիտի խոսիմ քիթի մը վրա, որ Ասկղեպիոսի առաջին կարգի աշակերտաց դեմ ապստամբելով ցիր ու ցան ըրավ ատոնց բանակը և հաղթության դրոշը պարզեց ի փառս քիթերու։

Բարեկամիս մեկը քիթ մը ուներ, կամ քիթին մեկը բարեկամներես մեկն ուներ։ Բարեկամս իր քթին բարեմասնությունները ի մոտուստ ճանչած ըլլալով մեծ խնամք կը տաներ անոր, շատ կը սիրեր յուր քիթը, և ուր որ երթար յուր քիթը անոր ասոր կը ներկայացներ և իրավունք ալ ուներ, որովհետև այս քիթն ալ զինք բանաստեղծ կը ներկայացներ։

Անգութ բախտը նախանձելով ասոնց երջանկությանը վրա, կուզե քիթը մարդեն բաժնել, և յուր չար խորհուրդը գործադրելով ասկե հինգ տարի առաջ ուժգին հարված մը կուտա քթին և վերք մը կը բանա հոն։

Բարեկամu յուր քթին այս թշվառությունը տեսնելով հետը կառնե զայն և բժշկի մը կը տանի։

Բժիշկը երակները կը քննե, կուրծքին կը զարնե, ականջովը մտիկ կընե և դեղ մը կուտա, խեղճ քիթը դեղը կառնե, բայց օգուտ մը չտեսնար։

Երկարորեն չխոսելու համար, այս քիթը հինգ տարվան միջոցին մեջ գրեթե բոլոր բժիշկներուն ձեռքեն կանցնի և իր վերքը չբուժվիր։ Խեղճ քի՜թ...

Այս քիթը տեսնելով, որ ալ փրկության հույս չկա իրեն համար, կորոշե, որ մայրաքաղաքս գտնվող երևելի բժիշկներուն քոնսոլթա մը ընել տա. ուստի քանի մը բժիշկներ մեկտեղ բերելով անոնց ամենուն մեկեն կը ներկայացնե զինք։

Բժիշկները քննելեն, խորհելեն ետքը, քիթը դուրս կը ղրկեն և կսկսին մեջերնին խորհրադկցիլ այսպես.