Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը փոխարինե, երևակայական ճնշում մը իրական ճնշումով մը իրականացնել կաշխատի։

Երեսփոխանի մը երևակայական ճնշում կրելուն համար ամբողջ ազդը տակն ու վրա կընեն, ժողովուրդը դուրս կը վռնտեն, և կը փափագին, որ ժողովուրդը իրեն եղած այս ճնշման առջև ձայն չանե, լուռ մնա. դիակ դառնա։

Եթե դիվանը կուզե դռնփակ նիստ ընել առանց ժողովուրդը նախատելու պարտավոր է։

Ա. Ի պաշտոնե հերքել ճնշում բառը։

Բ. Բանավոր պատճառ մը ցույց տալ։

Գ. Խոստովանիլ, որ արտաքո կարգի նիստերուն ոմանց բնությունը դռնփակ կուզե և ոմանցը դռնբաց։

Դ. Այս նիստն նախորդ նիստին շարունակությունն ըլլալը հայտարարելով հակասության մեջ ըլլալը խոստովանիլ։

Իսկ եթե առանց պատճառ մը մեջ բերելու, խնդրույն բնությունը ասանկ կուզե եղեր ըսելով, դռները գոցելու ըլլա նե՝ ժողովուրդը անպատված և նախատած կըլլա, որովհետև ժողովուրդն ալ քիչ շատ ծանոթ է խնդրույն բնության։

Մենք մեր պարտքը կատարեցինք, դիվանն ալ թո՛ղ իր պարտքը կատարե։