Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԿ ԿԱՌՔԻ ԼԾՎԱԾ ՋՈԻՅԳ ՄԸ ԵՐԵՔ ԿԵՏԵՐ

Յասել ոմանց ցԴիոգինես, թէ բազումը խաղ առնեն զքև, ասէ և զի՞նչ այտի թէ ընդ կատակս եղեց, թերևս և էշք ծիծաղիցին ըզնոքօք յորժամ կրճտեն զատամունս, իւրեանց: Ասեն ցնա. այլ նոքա ոչ համարին ինչ զէշս։ Դիոգինէս ասէ. ես անպիտան ևս համարեցայց զնոսա։

Վարք իմաստասիրաց

Այս հոդվածը սկսելեն առաջ նախ կը խնդրենք Հաճյանեն և Այվազյանեն, որ չկարծեն թե վերոգրյալ տողերը իրենց ակնարկություն մեն, հետևապես, սխալ կարծիքով մը չելնեն իրենց ակռաները, եթե կան, կրճտեն մեզի դեմ։

Մենք այդ տողերը գրելով Դիոգինեսի ժամանակը անոր ասոր վայելած խոսելու ազատությունը միայն հիշեցնել ուզեցինք. բայց և այնպես Հաճյանն ու Այվազյանը շատ երջանիկ գտանք Դիոգինեսի ատենները ծնած չըլլալնուն համար, ինչպես որ ավելի երջանիկ պիտի ըլլային, հասարակության սերն ա՛լ ավելի իրենց վրա պիտի հրավիրեին, եթե երբեք չծնեին։

Աս զույգ մը.․.երբ (սույն երեք կետերն ընթերցողը ուզածնուն պես կրնան բացատրել, ուզած ածականնին կրնան դնել անոնց տեղ, միայն գիտնալու են, որ այդ երեք կետերը Հաճյանն ու Այվազյանն են) համոզված ըլլալով, որ առանձին նշանակություն մը չունին, որոշեր են իրարու հետ միանալ, երկու մարմնով անձ մը կազմել, նոր զորություն մը գոյացնել և այնպես մեր վրա հարձակիլ։

Կը ցավինք, որ այս երկու կետերուն բոլոր որոշումները միշտ մեզի նպաստավոր են։ Իրենք մեր առջև դժվարություններ հարուցանելու տեղ դյուրին միջոցներ ցույց կուտան, որովհետև մեզի համար ավելի դժվար է երկուքը զատ-զատ վարել, քան թե երկուքն