Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը վատաբար ուրանալու համար գաղտնի ստության մը պատճառները փնտրելու է։

Այսօր ես ողջ եմ և կապրիմ. և իմ ողջ ըլլալս հաստատելու համար Մարկոսին ինչ հիվանդութենե մեռնիլը հաստատելու եմ եղեր։

Արդեն Մամուլի պես թերթե մը ասկեց ավելի բան մը չհուսացվիր, բայց զարմանալին հոս է, թե Կյոչեյանի պես մեկը ինչպե՞ս կը զիջանի Մամուլի պես թերթե մը շողոքորթվելու։

Մամուլ մեկ կողմեն փախուստ տալ ուզած ատենը, մյուս կողմեն ալ կարծես թե կաղաչե, որ սա խնդիրը գոցեմ, երբ կըսե.

«Ես չըսի, որ Նուպար փաշան 1—2000 ոսկի չտվավ Շահ-Նուպարյան վարժարանին»։

Եթե ասանկ բան մը ըսած չէիր նե՝ մինչև հիմա ի՞նչ բանի համար կը վիճաբանեիր կոր։

է՛յ, հիմա կը հարցնեմ քեզ Մամուլ, այդ տողերը գրելովդ իրավունքը ո՞վ վաստկած կըլլա, դո՞ւն թե ես։

Արդ, ըսել է, որ այդ խոսքովդ դուն ալ կընդունիս, որ վսեմափայլ Նուպար փաշան 7—2000 ոսկի տված է։ Ես ալ հիմա այդ 1—2000 ոսկիին մեջտեղը գիծ մը քաշեմ և կըսեմ, թե Նուպար փաշան 1+2000 ոսկի տված է։ Բայց որովհետև դուն 1—2000 ոսկիին տրվիլը չորս ամսվան մեջ խոստովանեցար, բնական էր, որ 3000 ոսկիին տրվիլը վեց ամսվան մեջ պիտի խոստովանեիր, մենք ալ քեզի դյուրավ խոստովանել տալու համար առաջ 1—2000 ըսինք։

Եզրակացնենք.

Կյոչեյան էֆենտի 1000 ոսկի տալուն համար ըսիր, թե հայոց մեջ Կյոչեյանի պես բարերար չկա, և հիմա կը խոստովանիս, որ Նուպար փաշան 1—2000 ոսկի տված է։ Հաշվովդ Կյոչեյան էֆենտիի պես 1—2 անգամ ավելի բարերար կա ոչ թե հայոց ժողովրդյան մեջ, այլ անհատի մը մեջ մեր հաշվովն ալ երեք հատ։

Ուրեմն, երիցս շողոքորթ թերթ, Կյոչեյանի հացկատակ, Կյոչեյանի հացովը հայերը նախատող և անարգող թերթ. ալ Կյոչեյանին աչքին մերեվար. փախիր անոր երեսեն, որովհետև զինքը բարձրացունելու տեղ խոնարհեցուցիր միմիայն քու շահուդ համար։

Այսչափ ալ քեզի համար։ Հաճյանին քովը կայնե նայիմ։ Հաճյան, դուն ալ շիտակ կեցի՛ր, որ քալե՛ք։

Քալեցե՛ք, քալեցե՛ք իմ զույգ մը.... Դիոգինեսի ժամանակները։