Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Երգեցե՛ք, ցատկեցե՛ք, խմեցե՛ք, պոռացե՛ք, կերե՛ք և պառկեցե՛ք խեղճ մահկանացուք, բամբասանքե մի՛ վախնաք, բարեկենդան է, ոչ ոք կրնա ձեզ բամբասել։ Ինչ որ մոլություն էր ուրիշ օրեր, առաքինություն է բարեկենդանի օրերը։ Այս շաբթու գործի ալ մի՛ երթաք, բարեկենդանի շաբթվան գործը մյուս շաբաթներուն մեջ վաստկվածը ուտել է։ Թե որ մյուս շաբաթներուն մեջ վաստկված բան մը չկա նե՝ գալիք շաբաթներուն մեջ վաստկվելիքը կերեք, սա բարեկենդանը տխրությամբ մանցունեք։

Արդեն դուք խրատի պետք չունիք և բարեկենդան ընելու համար Մեղուեն հրաման չեք սպասեր, ուրախանալու և զվարճանալու միջոցներն չափեն ավելի ի գործ կը դնեք․․․ վնաս չունի, տարին անգամ մէ, բարեկենդան է։

Ահավասիկ խմբագիր մը, որ իր առջև գրասեղանի տեղ օղիասեղան մը առած է, կաղամարի տեղ գավաթ, մելանի տեղ օղի է դրեր առջևը և անով ազգին ծառայություն կը մատուցանե, խմելեն ետքը կելնե, գրասենյակին մեջ քիչ մալ կը պարե, ի՞նչ վնաս ունի, ամեն ատեն չէ ա՛, տարին անգամ մէ, բարեկենդան է։

Ահավասիկ հարուստ մեծատուն մը, որ առջի գիշեր երեկույթի մը գացած ըլլալով տուն դարձած ատեն վրայի հագուստը մոռցեր ու մսեր է, հիմա ալ անկողնո մեջ հիվանդ պառկեր է․․․ վնաս չունի, բարեկենդան է բարեկենդան։

Ահավասիկ գործավոր մը, որ առջի օրը ճաթելու չափ գինի խմած ըլլալով արյունր ավրվեր է և գլխու ցավեն ձյուներու մեջ կը գլտորի կոր․․․ վնաս չունի, բարեկենդան է։

Ահավասիկ տիկին մը, որ օղին քանի մը գավաթ շատկեկ խմած ըլլալուն՝ էրկանը ֆեսը, սենյակին բարձերը պատուհանեն վար կը նետե անցնողներուն գլխուն... վնաս չունի, ամեն օր չէ ա՛, բարեկենդան է։