Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քողարկված արցունքներն անվերապահությամբ պարոնյանական են։ Ինչպիսի հոգեկան տագնապ և վիրավորանք սեփական վաստակի համար, ճղճիմ իրականությունը բնութագրող մեղադրանքի ինչպիսի սուր տողեր։ Խնդալու վարժված երգիծաբանը վարակող հուզումով նկարագրում է իր բաժանումը թերթերից։ Չկա այլևս Պարոնյանի ծիծաղը, այլ դառն արցունքներ են ցասկոտ ու բողոքող։

Ահա առաջին տողերը.

«Երեկ հուղարկավորության հանդես մը կատարվեցավ մեր գրասենյակին մեջ։

Մեր մտաց զավակները իսպառ բաժնվեցան մենե։

Մեր կորուստին որչափ ծանր ըլլալը անոնք միայն կրնան զգալ, որք գրական ասպարեզին մեջ կը գտնվին, մանավանդ անոնք, որ խմբագիր են»։

«Մեղուի» 1872 թվականի նոյեմբերի 18-ի (№ 105) մեջ տպված է «Կոնդակին խնդիրը» վերնագրով անստորագիր առաջնորդող, ուր ծաղրված է Կրոնական և Քաղաքական ժողովների միացյալ նիստը․

«Մասիս կիմացներ անցյալ շաբաթ օրվա թերթովը, թե Կրոնական և Քաղաքական ժողովները այս լուրն առնելով Խառն նիստ մը ըրեր են, այսինքն որք քոմընտի, որը կես պսակած, որբ ծունկ չոքած, որն ալ պաղտաշ ըրած նստեր են...» (ընդգծումները մերն են — Ա. Մ.)։

Ընգգծված տողերը քաջ հայտնի են ընթերցողին, նույն պատկերը՝ ծանոթ «Մեծապատիվ մուրացկաններից», երբ լուսանկարիչը ներկայանում է Աբիսողոմ աղային և առաջարկում նրան նկարվել զանազան դիրքերով. «...տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած...» (տե՛ս Հ. Պարոնյւսն, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», էջ 53)։

Անստորագիր նյութերից է «Ճառը», որով ծաղրված են Սահմանադրության պոռոտախոս բանախոսները.

«Մինչդեռ տգիտության ճերմակ խավարը հայ գրականության հորիզոնը պատած էր, մինչդեռ Վիրգիլիոսն և Հոմերոսն իրենց մորը արգանդին մեջ երկնցած աշխարհ գալու, թե չգալու վրա երկար բարակ կը խորհին, մինչդեռ Նարեկացի, Խորենացի, Եղիշե, Եղնիկ, Ագաթանգեղոս և այլն հայ գրականության պարտեզը մշակելու համար բահ ու բրիչ կը փնտրեին, մինչդեռ Սահակ և Մեսրովբ հայոց գիր գտնելու համար ասդին անդին կը վազվռտեին (ծափահարությունք...»)։

Ոճի, սրամտությունների, երգիծանքի հարազատ տողեր են. նույն ճառով «Մեծապատիվ մուրացկանների» մեջ Աբիսողոմ աղային է ներկայանում բանաստեղծը։

«Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրբ գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ...» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», էջ 31)։

Պարոնյանի յուրաքանչյուր երկ կարելի է նման վերլուծումների ենթարկել և տեսնել մեծ երգիծաբանին իր անկաշկանդ մտածողությամբ և ստեղծագործական ինքնատիպ հատկանիշներով, սակայն, բավարարվում ենք մեջբերված օրինակներով, որոնք նմուշներ են միայն ծանոթագրությունների մեջ ճշտված բազմաթիվ նյութերից։