Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԴԵՄ ԲՈՂՈՔ ՄԸ

Ամեն անոնք, որ կամ իրենց կինը չուզելնուն համար, կամ իրենց կինը զիրենք չուզելնուն համար ատենե միվեր Դատաստանական խորհրդին կը ներկայանան, բողոք մը պատրաստելու են և հոն գործ ունեցողներուն ամենուն ալ ստորագրել տալու վրա են եղեր, որ ետքը Պատրիարքին պիտի ներկայացնեն, ան ալ դատ չընե ասոնց նե՝ տեսչության պաշտոնեին պիտի ներկայացնեն։

Բողոքնուն պարունակությունը սա է.

Ազգային Դատաստանական խորհուրդը կըսեն, միշտ մեր կիներուն կողմը կը բռնե, անոնց տիրություն կընե և մեզ անիրավ կը հանե. ասոր ալ ապացույցը սա է, որ երբոր խորհուրդի սենյակեն ներս կը մտնենք՝ շուտ մը մեր կիները տեսածնուն պես՝ փայլուն ըլլան, մութ գույն ըլլան, հոգ չէ, հերիք է որ կին ըլլան, շուտ մը աթոռ կուտան, հրամմե նստե կըսեն, մեզ ալ, բանթալոնով ըլլանք, շալվարով ըլլանք հոգերնին չէ, ժամերով ոտքի վրա կը կայնեցնեն: Ասի կողմնակցություն ընել չէ նե՝ հապա ի՞նչ է։

Այս մարդոցը աս բողոքին շիտակը խոսելով ըսելիք մը չունինք. ըսելիք մը ալ ունինք նե՝ շատ շատ, իրավացի է բողոքնին պիտի ըսենք։

Ընելի՞ք։

Այո՜, ընելիք մը ունինք. բողոք մալ մենք պիտի ընենք և սա է։

Կամ կիներն ալ նստեցնելու չէ, կամ անոնց էրիկներն ալ նստեցնելու է։

Պատճառը՞։

Պատճառն ալ սա է. Դատաստանական խորհուրդը կիներուն պարտ ու պատշաճ հարգանքը մատուցանելու ատեն, այր և կնոջ մեջ եղած վեճերը վերցնելու աշխատած ատեն, ատոնց մեջ խռովությունը ավելի կարծարծե։