Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմա ամփոփենք մեր քննության արդյունքները: Սակայն մինչ այդ մի հստակեցում: Ճիշտ է՝ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան ընդունվել է 1969թ.-ին և հետադարձ ուժ չունի, ինչպես հայտարարված է կոնվենցիայի 4-րդ հոդվածում, այնուամենայնիվ հստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրույթները, որոնցով քննության առանք վերոնշյալ պայմանագրերը, միջազգային իրավունքում առկա են եղել և գործել են դարեր ի վեր, այսինքն, լատիներեն ասած, եղել են jus cogens, այն է՝ բոլորի համար պարտադիր ու անբեկանելի: Դրանք պարզապես ամրագրվել են Վիեննայի կոնվենցիայի մեջ: Եւ ինչպես հաստատում է նույն կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի, այսինքն՝ որևէ jus cogens-ի:

Հետևաբար, վերը քննության առած 5 պայմանագրերից 3-ն անվավեր են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կնքվել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ:

Ըստ այդմ, անվավեր պայմանագրերն են՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը և Կարսի պայմանագիրը:

Սևրի պայմանագիրը օրինական է և վավեր, սակայն այն ուժի մեջ չի մտել, քանի որ լիովին չի վավերացվել:

Իսկ վավերական ու օրինական Լոզանի պայմանագիրը, ինչպես ասվեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիորեն:

Հիմա անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող փաստաթղթերից ամենակարևորին՝ Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճռին, որը կայացվել է 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից և պաշտոնապես վերնագրված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Նախ մի համառոտ ակնարկ Իրավարար վճռի նախընթացին: Հայոց անկախության հռչակումից մեկուկես տարի հետո՝ 1920թ. հունվարի 19-ին, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդն ի վերջո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը՝ պայմանով, որ նորաստեղծ երկրի սահմանները կհստակեցվեն հետագայում: Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի անկախությունը 1920թ.