Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիայի 1-ին հոդվածի 4-րդ կետում: ԽՍՀՄ կազմում պարզապես եղել է «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» վարչատարածքային միավորը: Իրավական տեսանկյունից 1921թ. Հայաստանի տարածքը բռնազավթված տարածք էր. այդպես է միջազգային իրավունքը բնութագրում այն տարածքները, երբ օտարերկրյա բանակը մտնում է միջազգայնորեն ճանաչված երկիր, տապալում է օրինական իշխանությունը և հաստատում է իր դրածո իշխանությունը, անկախ նորահաստատ իշխանության տարազից:

  1. Ժամանակագրական առումով վերջին պայմանագիրը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, Լոզանի պայմանագիրն է՝ կնքված 1923թ.հուլիսի 24-ին:

Նախ մի շատ տարածված մոլորության մասին: Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն նոր պայմանագիր կնքելու պարագայում ինքնըստինքյան չեղյալ չի լինում: Պայմանագիրը չեղյալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղյալ հայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր, կրկնում եմ բոլոր, կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին:

Ավելին, Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք: Այսպես, Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում: Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16րդ հոդվածը հայտարարում է, որ «Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը, այս տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը», հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է Վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը: