Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քկմ: Քանի որ վճիռն ուժի մեջ էր մտնում անմիջապես, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սահմանանշող հանձնաժողովի համար տպագրեց նաև մանրամասն աշխատանքային քարտեզները:

Իրավարար վճռի ուժի մեջ մտնելու ժամանակի և նախապայմանների մասին:

Միանշանակ է, որ Սան Ռեմոյի կոնֆերանսում Դաշնակից ուժերի եռյակը՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան և Իտալիան, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնական նոտայով և Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները, այդ ժամանակ 18 երկիր, 89-րդ հոդվածով իրավարարության հայցով դիմելով ԱՄՆ նախագահին, իրավարար վճռի ընդունումը չեն պայմանավորել որևէ հանգամանքով, այլ պարտավորվել են «վճիռն ընդունել անմիջապես»: Նույն Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան լրացուցիչ վերահաստատել է այս դիրքորոշումը՝ ամրագրելով. «սկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:

Այսպիսով, 1920թ. նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային հարցը ստացավ իր վերջնական լուծումը և, ըստ այդմ էլ, հայ-թուրքական միջպետական սահմանն ամրագրվեց մեկընդմիշտ, քանի որ ինչպես հստակորեն ամրագրված է Հաագայի կոնվենցիայում (1899թ. խմբագրման 54-րդ հոդվածում և 1907թ. խմբագրման 81-րդ հոդվածում). «Եթե իրավարար վճիռը կայացվել է ըստ կարգի և դրա մասին իրազեկ են պահվել կողմերի գործակալները, ապա խնդրո առարկա վեճն իր լուծումն է գտնում մեկընդմիշտ և ենթակա չէ բեկանման»:

Այժմ ամենակարևոր հարցի՝ Իրավարար վճռի ներկա կարգավիճակի մասին:

Արդեն հիշատակված ՄԱԿ-ի պաշտոնական «Միջազգային հանրային իրավունքի և միջազգային կազմակերպությունների տերմինաբանության ձեռնարկը» իրավարար վճիռի վավերականության համար առանձնանշում է 4 չափորոշիչ: Դրանք են.

  1. Իրավարարները պետք է զերծ եղած լինեն արտաքին խոտոր ազդեցությունից, ինչպիսիք են հարկադրանքը, կաշառքը կամ նյութական շահագրգռությունը: