Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակիցն էր: Հիմա ժամանակը մեր թշնամին է. 5-10 տարի հետո Հայաստանի մեջ, առաջին անգամ խաղաղության տարիների ընթացքում, լույս աշխարհ եկած երեխաների թիվը զիջելու է այս աշխարհից գնացածների թվին: Այսինքն, մենք սկսելու ենք վերջանալ, ինչպես ջուրը առվի մեջ՝ աղբյուրը ցամաքելուց հետո, ինչպես լույսը երկնքում՝ արևը մայր մտնելուց հետո: Քսանմեկերորդ լուսավոր դարը կարող է մեր վերջինը լինել: Վերջի սկիզբն արդեն դրված է:

Իհարկե ազգի վերացում չի նշանակում ազգի անհատների վերացում: Թերևս 100-200 տարի ինչ-որ համայնքներ կլինեն, ինչ-որ անհատներ ազգի փրկության ծրագրեր կմշակեն, ինչ-որ կուսակցություններ ազգի փրկության համար դրամ կհավաքեն: Գուցե մինչևիսկ ինչ-որ վարչատարածքային միավոր էլ լինի՝ Армянский форпост կամ Ermenistan vilayeti: Անգամ գուցե նրա ղեկավարը նախագահ կկոչվի և ախռանա էլ կունենա: Սակայն դա Հայաստան չի լինի, այլ կլինի ուրիշի փարախում կապված մատաղացու գառ, որին ցանկացած պահին մատաղ կանեն փարախի տիրոջ զավակի ողջության համար: Հիշու՞մ եք, մեզ մի անգամ արդեն մատաղ արել են համաշխարհային հեղափոխության հաղթանակի ճանապարհին:

Հիմա անդրադառնանք մի բնական հարցի. իսկ ի՞նչ անել: Պատասխանը շատ պարզ է՝ պետք է խրախուսել բազմազավակությունը, այսինքն՝ Հայաստանում ծնված առաջին երեխայի համար մինչև չափահասության տարիքը յուրաքանչյուր ամիս ընտանիքին պետք է տալ գոնե 100 դոլար, կուզեք՝ համարժեքը դրամով, երկրորդի համար՝ 200, երրորդի համար՝ 300, և այդպես շարունակ: Դրա համար տարեկան պետք կլինի լրացուցիչ 2-3 մլրդ դոլար: Այդքան էլ պետք կլինի ենթակառույցների վերականգնման, առողջապահական և կրթական համակարգերի նորացման, կարճ ասած, երկիրը երկիր դարձնելու համար: Իհարկե, Հայաստանում յուրաքանչյուր տարի լրացուցիչ ծախսված 5-6 մլրդ դոլարը էապես կխթանի նաև երկրի տնտեսությունը, կստեղծի նոր աշխատատեղեր և, բնականաբար, հարկերի, մաքսերի, տուրքերի և այլ գանձումների տեսքով կապահովի դրամական նոր մուտքեր: Առաջին հայացքից տարեկան 7-8 մլրդ դոլար ծախսային մասը ՀՀ ներկա բյուջեի համեմատ (2.7 մլրդ դոլար) հսկայական է թվում, սակայն իրականության մեջ այն ընդամենը, օրինակ, Եվրոպայի ոչ հարուստ երկրներից մեկի և չափորոշիչներով մեզ մոտ՝ Լիտվայի 2008թ. բյուջեի ծախսային մասի հազիվ կեսն է: