Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարքականոնային սկզբունքներ, առանձնանշում է 10 սկզբունք: Այս 10 սկզբունքներից նշյալ արձանագրության մեջ, չգիտես ինչո՞ւ, հիշատակված են միայն երեքը. ա) սահմանների անձեռնմխելիությունը, բ) պետությունների տարածքային ամբողջականությունը և գ) ներքին գործերին չմիջամտելը: Դուրս են թողնված, հիմա ուշադիր հետևե՛ք, հետևյալները. դ) ինքնիշխան իրավահավասարությունը, ե) ուժի սպառնալիքից կամ կիրառումից ձեռնպահ մնալը, զ) վեճերի խաղաղ կարգավորումը, է) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների՝ ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի նկատմամբ հարգանքը, ը) պետությունների միջև համագործակցությունը, թ) բարի կամեցողությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, և վերջապես, ժ) ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը: Հելսինկիի եզրափակիչ ակտի այս 10 ուղենշային սկզբունքներից 7-ը ձեռնտու են մեզ և բոլորն էլ դուրս են թողնված, 3-ը ձեռնտու են թուրքերին, բոլորն էլ ներառված են: Միայն վերոհիշյալ բացթողումը բավական է խոտանելու ողջ բանակցային գործընթացը:

6. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև հակասում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը: Նշյալ ռազմավարության մեջ, որն օրենքի կարգավիճակ ունի, միանշանակորեն ամրագրված է «Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին»: Իսկ առկա արձանագրությունների մեջ պարտավորությունների տեսքով ներառված է առնվազն մեկ տասնյակ անընդունելի նախապայման: Պնդումը, թե նախապայմաններ չկան, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև վիրավորական է:

7. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, քանզի եթե դրանք ընդունում ենք որպես միջազգային պայմանագրեր, պատրաստվել և նախաստորագրվել են Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ նշյալ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ «միջազգային պայմանագրի կնքումը ... նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի