Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշի երկրի շենացման գործում այնքան մեծ ներդրում ունեցած լինեն, որքան հայերը՝ Վրաստանի: Դարեր շարունակ հայի քրտինքն առատորեն հոսել է ի շահ Վրաստանի շենացման, իսկ արյունն՝ ի պաշտպանություն այդ երկրի: Հայերը դա արել և անում են՝ առաջնորդվելով իրենց նոր հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո և հավատարմության զգացումով: Սակայն միշտ չէ, որ նրանց այդ վարքը գնահատվել ու գնահատվում է ըստ արժանվույն. հաճախ են նրանք երախտագիտության խոսքերի փոխարեն արժանանում պարսավանքի, տուժում ազգային և կրոնական խտրականության դրսևորումներից: Ընդհանուր վիրահայության հարցի մեջ, առանձնակի և էապես տարբեր է Ջավախքի հայության հարցը: Եթե, օրինակ, թիֆլիսահայության համար բնակավայրը եղել է գիտակցված ընտրություն, որի հետևանքով էլ նրանք այսօր ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, ապա այլ է ջավախահայության ճակատագիրը: Հայրենի հողում ապրող բնիկ հայության այդ հատվածը բոլշևիկյան կամայականության հետևանքով նախ դրվել է Սովետական Վրաստանի վարչական ենթակայության տակ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվել է սեփական հայրենիքի սահմաններից դուրս:

Տեսնենք պատմական ի՞նչ զարգացումների հետևանք է Ջավախքի ներկա կարգավիճակը և ի՞նչ իրավական փաստաթղթերի վրա է դա խարսխված: Երբ 1918թ. մայիսին Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայության հարավային մասի վրա իրենց անկախությունը հռչակեցին երեք նորաստեղծ երկիր, միջազգային հանրությունը չէր շտապում ճանաչել դրանց անկախությունը: Կային մի շարք պատճառներ: Էական պատճառներից մեկն այն էր, որ դեռևս չէին հստակեցվել նշյալ երկրների սահմանները: Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919-1920թթ.), որի հիմնական խնդիրն էր մշակել նոր աշխարհակարգի ձևավորման սկզբունքները, բնականաբար պիտի անդրադառնար նաև այս նորաստեղծ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Կովկասի թաթարների պետության սահմաններին: Իհարկե, սահմանների վերջնական հստակեցումը պիտի կատարվեր նշյալ երկրների երկկողմ համաձայնությամբ, այսուհանդերձ Հարավային Կովկասի համար վեհաժողովը որդեգրեց 2 առաջնորդող սկզբունք. ա) Ռուսական կայսրության նախկին վարչատարածքային բաժանումը չի կարող հիմք հանդիսանալ միջպետական օրինական