Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 16.03.1921թ. դրությամբ:

ա) Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին.

Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար դրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով: Մինչև 1924թ.-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները, չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչեց Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չընդունվեց Դաշնակից ուժերի կողմից այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէ: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայտն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):

Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ ու կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնակյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել: